Մատչելիության հղումներ

Միջազգային մամուլը` Լեռնային Ղարաբաղի մասին


ԼՂ ՊԲ զինծառայողները Մատաղիսի մոտ, 6-ը ապրիլի, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողները Մատաղիսի մոտ, 6-ը ապրիլի, 2016թ․

The Washington Post-ը ընդգծում է Ադրբեջանի կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքերի իսրայելական ծագումը:

«Ցանկացած հրադադար ժամանակավոր է, և մենք միշտ պատրաստ ենք լինելու [ռազմական գործողությունների վերսկսմանը]», - Ջաբրայիլի շրջանի Մարջալու գյուղում ծառայող շարքային Նվեր Գրիգորյանի այս խոսքերն է այսօր մեջբերում The New York Times-ը:

Ամերիկյան մեկ այլ հեղինակավոր պարբերական` The Washington Post-ը, անդրադառնում է Ադրբեջանի կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքերին` ընդգծելով դրանց իսրայելական ծագումը: Պարբերականի կայքում զետեղված հոդվածը վերլուծում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տեսանյութը, որում պատկերված են անօդաչու սարքի` Մարտակերտի շրջանում երկու օր առաջ իրականացված գործողությունները:

«Երեքշաբթի օրը հայ - ադբեջանական տարածքային վեճի առարկա հանդիսացող Լեռնային Ղարաբաղում արված այս տեսանյութում, ըստ ամենայնի, պատկերված է իսրայելական արտադրության ինքնաոչնչացվող անօդաչու թռչող սարքը: Սա կարելի է համարել մարտական պայմաններում նման զենքի կիրառման առաջին դեպքերից մեկը», - նշում է The Washington Post-ը`մանրամասնելով. - «Թևերի բացվածքից և դիմային հատվածից դատելով` սա Israeli Aerospace Industries ընկերության արտադրության HAROP տեսակի անօդաչու թռչող սարքն է: Ի տարբերություն Predator մակնիշի անօդաչուներից, որոնք ի վիճակի են Hellfire տեսակի հրթիռներ կրել, HAROP-ը զենք է ինքնին: Այն ոչնչացնում է թիրախը` հարվածելով դրան»: Ամերիկյան պարբերականը մանրամասնում է, որ ադրբեջանական կողմից օգտագործված անօդաչու թռչող սարքը կարող է թե՛ հեռակառավարվել և թե՛ ինքնավար գործողությունների դիմել: «HAROP-ը կարող է ինքնուրույնաբար թիրախ գտնել` որսալով ռադիոաալիքները», - գրում է ամերիկյան պարբերականը:

Լեռնային Ղարաբաղում է աշխատում նաև BBC-ի տարածաշրջանային թղթակից Ռեյհան Դեմիտրին: Լրագրողի առաջին կարճ ռեպորտաժը Լաչինից էր:

«Ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ ռազմավարական նշանակության մի ճանապարհ, որը հայտնի է որպես Լաչինի միջանցք: Այս ճանապարհի ընդհանուր երկարությունը 10 կիլոմետրից քիչ է, բայց սա կյանքի ճանապարհ է, սա այն միակ ճանապարհն է, որ միմյանց է կապում Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Միջազգային հանրությունն այս տարածքները ճանաչում է որպես Ադրբեջանի մաս: Երբ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղին հարող յոթ գրավյալ շրջանների մասին, նկատի ունի նաև Լաչինը», - նշում է BBC-ի թղթակիցը:

Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Յուջին Չաուսովսկին ևս տարածաշրջանում է: «Դաշտային նոթեր. վերծանելով սահմանային պատերազմը» խորագրի ներքո ամերիկացի հետազոտողը իր զրույցն է ներկայացնում երևանցի տաքսիստներից մեկի հետ:

«Վարորդը գովում էր Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին` 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիրը կնքելու և պատերազմին վերջ տալու համար: Դրա հետ մեկտեղ, իմ նոր երևանցի ծանոթը դժգոհում էր, որ կրտսեր Ալիևը իր հոր նման խելամիտ չէ և դիմում է չմտածված քայլերի: Ադրբեջանցիների նոր սերնդին հակամարտության փաստը շատ ավելի է քիչ է անհանգստացնում, քան նրանց հայրերի սերնդին», - երևանցի վարորդի խոսքերն է մեջբերում Stratfor-ի վերլուծաբանը:

Ռուսական մամուլը ևս անդրադառնում է Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին ծավալվող իրադարձություններին:

Մոսկովյան "Коммерсантъ"-ի թղթակիցը զրուցել է Բաքվի բնակիչների հետ: «Իմ երազանքը վերջին մարտում մեռնելն է», - նշում է թերթի զրուցակից Իլհամ Աղալարովը` շտապելով, սակայն, բացատրել. - «Այն, ինչ տեղի ունեցավ [այս մի քանի օրերին], վերջին մարտը չէր, դա պարզապես պոռթկում էր: Դրանով հարցը չի լուծվում, սակայն [այդ պոռթկումը] ցույց է տալիս Երևանին, որ մենք վճռական ենք տրամադրված», - նշում է թերթի զրուցակիցը:

"Медуза"-ի թղթակից Իլյա Ազարն էլ` լրագրողների մեծ խմբի հետ, երեկ այցելել է Լեռնային Ղարաբաղի հարավային շրջաններ, զրուցելով նաև խաղաղ բնակչության հետ:

«Ադրբեջանցիներին թվում է, թե հարցը կարելի է ռազմական ճանապարհով լուծել, բայց դա այդպես չէ: Ոչ մենք ենք մի օր վերանալու, ոչ էլ նրանք: Եթե այս հարցը վերջնական լուծում չստանա, 15-20 տարին մեկ մենք պարզապես սպանելու ենք միմյանց», - "Медуза"-ի թղթակցին ասում է Հադրութի բնակիչ Նելսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG