Մատչելիության հղումներ

Տավուշում երեկ վիրավորված զինծառայողին կտեղափոխեն Երևան


Հայաստանի հյուսիսային սահմանին երեկ վիրավորված պայմանագրային զինծառայող, 37-ամյա Արթուր Ադամյանի վիճակը դեռևս ծանր է։ Այսօր նրան կտեղափոխեն Երևան։ Այդ մասին «Ազատությանը» տեղեկացրեց Տավուշի զինվորական հոսպիտալի պետը:

Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ Արթուր Ադամյանը կրծքավանդակի հրազենային վնասվածք է ստացել Պառավաքարի ուղղությամբ հակառակորդ դիպուկահարի արձակած կրակոցից և ծայրահեղ ծանր վիճակում, սրտի կանգով տեղափոխվել հոսպիտալ։

«Վիրավոր զինվորն ուներ աջ թոքի բազմաթիվ վնասվածքներ և արյան մեծ կորուստ։ Հնարավոր է եղել սրտի աշխատանքը վերականգնել, արյունահոսությունը դադարեցնել և հիվանդի վիճակը կայունացնել։ Ներկա պահին նրա վիճակը կարելի է գնահատել կայուն ծանր», - ասաց հոսպիտալի պետը։

Հոսպիտալի մոտ հավաքված զինվորի հարազատներն սպասում էին Արթուրի վիճակի մասին նոր տվյալների։ Հայրը՝ Ժորա Ադամյանն ասաց՝ դեռ չի տեսել որդուն, բայց վստահ էր, որ բժիշկներն ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար։

Կարինե Սիմոնյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG