Մատչելիության հղումներ

Շահնազարյան․ Պատերազմ սկսելու որոշում Բաքուն միայնակ չէր կարող ընդունել


Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը պատերազմ է, և նման որոշում Ադրբեջանի ղեկավարությունը միայնակ չէր կարող ընդունել․ առնվազն, այդ որոշումը Ռուսաստանի կողմից դիմադրության չի հանդիպել: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ:

«Եկեք հստակ արձանագրենք, որ սա պատերազմ է՝ չկա զինադադար, և կա պատերազմ՝ իր բոլոր հատկանիշներով, առանց բացառության», - հայտարարեց Շահնազարյանը՝ շարունակելով․ - «Ես ավելի քան համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը ունի բավականաչափ թե՛ ռազմատեխնիկական, թե՛ մարդկային ռեսուրսներ, թե՛ բարոյահոգեբանական բարձր աստիճան, որպեսզի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում անի այն, ինչ պարտավոր է անել»:

«Ակնհայտ է, որ այն պատասխանը, որ տրվել է Ադրբեջանին Պաշտպանության բանակի կողմից, առնվազն անսպասելի էր Ալիևի համար: Մենք իլյուզիաներ չունենանք՝ սա պատերազմ է», - ընդգծեց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի անվտանգության խորհրդի՝ նախանցած գիշերը կայացած նիստին, Շահնազարյանը, մասնավորապես, ասաց․ - «Ամենակարևոր պահը այնտեղ եղել է այն, որ Ադրբեջանի նախագահը վերջում հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը՝ հանձինս նախագահ Պուտինի և արտգործնախարար Լավրովի, վերջերս առանձին առաջարկություններով բանակցել է Ադրբեջանի ղեկավարության հետ՝ ռուսական առանձին առաջարկներով․ դա նշվում է շատ հստակ, և այդ առաջարկությունները ամբողջապես հիմնված են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վրա: Կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, և սա առաջին անգամ չէ կարծես՝ համենայն դեպս, սրա մասին կիսատ մի քանի անգամ ասվել էր, բայց Ռուսաստանը կարծես թե դա հերքել էր, և համենայն դեպս, Հայաստանի իշխանությունները ասել էին, որ ընդհանրապես նման բան չի եղել: Սա, կարծում եմ, որ կարևոր նշանակություն ունի»:

Հարցին՝ ի՞նչ հեռանկար է տեսնում, այս ռազմական գործողությունները կդադարե՞ն, թե՞ կշարունակվեն, երկարատև՞, թե՞ կարճատև կլինի պատերազմը, Դավիթ Շահնազարյանը արձագանքեց․ - «Կան մի քանի սցենարներ զարգացման, և այս սցենարների բոլոր լծակները չի, որ տարածաշրջանում են և առավել ևս ճակատի գծում են․ եկեք այլևս չօգտագործենք շփման գիծը՝ դա արդեն մարտագիծ է, որը ինչ-որ չափով արդեն խախտվել է»:

«Եկեք պարզ հասկանանք՝ այնուամենայնիվ, փորձել հասկանալ, թե ի՞նչ շարժառիթներ էին, որոնք նպաստեցին, որպեսզի տեղի ունենա այն, ինչ տեղի է ունեցել, եկեք տեսնենք՝ ինչ էր տեղի ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում», - ասաց Շահնազարյանը՝ մանրամասնելով․ - «Այն, ինչ արձանագրվեց երկու երկրների նախագահների վերջին հանդիպման ժամանակ եռանախագահողների կողմից, դա շփման գծի վրա անվտանգություն ապահովելու առաջարկներն էին, որոնք Միացյալ Նահանգների առաջարկներն էին, և հենց այդ նույն հայտարարությունում, որով վերջին հանդիպումից հետո հանդես եկան եռանախագահողները, դա համատեղ երեք եռանախագահողների հայտարարությունն էր, շատ կարճ ասեմ՝ խախտումների վերաբերյալ էր, պետք էր տեղադրել էլեկտրոնային սարքեր՝ առաջարկվում էր, այն ժամանակ, շփման գծի երկայնքով, երկրորդը՝ ընդլայնել ԵԱՀԿ-ի դիտորդական այդ խումբը, երրորդը՝ սահմանել հստակ մեխանիզմ, որոնք պետք է հետաքննեին բոլոր այդ խախտումները: Մի քանի անգամ ես մամուլով հստակ հայտարարել եմ, որ Ռուսաստանը կտրուկ հանդես էր գալիս դրա դեմ՝ թե՛ Լավրովը իր հարցազրույցներում, թե՛ Կարասինը իր հարցազրույցներում՝ Լավրովի տեղակալը, այնուհետև [Կրեմլի խոսնակ] Պեսկովը՝ իր երկու հայտարարություններում, ուղղակիորեն քաջալերում էր Ադրբեջանի ղեկավարությանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի նախագահին, որ իր առաջիկա Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում հանկարծ տեղիք չտա այդ առաջարկներին»:

«Շատ կարևոր մի պահ, որ դա տեղի ունեցավ նախորդ ամսվա վերջին օրը՝ մարտի 31-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը և մյուս եռանախագահողները տարաձայնություններ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբում․ առաջին անգամ է, որ նման հայտարարություն արվել է, սա շատ կարևոր էր՝ 31-ին, այսինքն՝ Միջուկային անվտանգության գագաթնաժողովի առաջին օրը սա ասվեց», - նշեց Շահնազարյանը:

«Կարճ ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը միայնակ, ինքնուրույն նման որոշում չէր կարող ընդունել, և ակնհայտ է, որ այս պատերազմ սկսելու որոշումը առնվազն Ռուսաստանի կողմից որևէ դիմադրության չի հանդիպել», - շեշտեց Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG