Ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող իրադարձությունների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը:
«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ:
Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները»,- մասնավորապես նշված է Կաթողիկոսի հղած ուղերձում: