Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվությունն առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի տարածքում գրավել են տարբեր բնակավայրեր, հայկական կողմը կրել է սպառազինության, ռազմական տեխնիկայի տասնյակ, իսկ կենդանի ուժի հարյուրավոր կորուստներ, ակնհայտ ապատեղեկատվություն են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի ռազմական գերատեսչության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Հակառակորդը, հարկադրաբար խոստովանելով իր կորուստների մասին, պարզապես փորձում է սեփական հասարակության աչքում արդարացնել դրանք», - շեշտում է Հովհաննիսյանը՝ ամփոփելով. - «Իրադրության զարգացման վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ստանալու համար ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհուրդ է տալիս հետևել բացառապես հայկական կողմի պաշտոնական հրապարակումներին»:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը իր տարածած հաղորդագրությունում պնդել էր, թե Թալիշ գյուղի շրջակա բարձունքները, ինչպես նաև Սեյսուլան բնակավայրը «ամբողջովին մաքրվել են թշնամուց»։ Պաշտոնապես հաղորդելով, որ ադրբեջանական կողմից 12 զինծառայող է զոհվել, կործանվել են մեկական ուղղաթիռ և տանկ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, թե «զոհվել և վիրավորվել են թշնամու ավելի քան 100 զինծառայող», շարքից հանվել է հայկական Զինված ուժերի մեծաքանակ զինտեխնիկա։
Բաքուն, հիշեցնենք, սկզբնապես հերքում էր հայկական ուժերի կողմից ադրբեջանական բանակի մարտական ուղղաթիռի կործանման փաստը։