Մատչելիության հղումներ

Վարչապետ․ «Պետական կառույցները պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր առավոտյան խորհրդակցություն է հրավիրել ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված լայնամասշտաբ նախահարձակ գործողությունների կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Վարչապետը նշել է, որ այս աննախադեպ գործողությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման տապալմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության հերթական անթաքույց դրսևորումն է: «Հայկական զինուժը՝ զգալի կորուստներ հասցնելով և հետ շպրտելով հակառակորդին, լիովին վերահսկում է իրավիճակը: Հայաստանի Հանրապետության պետական կառույցներն իրենց ողջ կարողություններով պատրաստ են իրավիճակի կայունացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը՝ ներկայացնելով իրավիճակը, նշել է, որ 1994 թվականից ի վեր աննախադեպ գործողություններ են ձեռնարկվել հակառակորդի կողմից. այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական զինված ուժերը հակառակորդին արժանի հակահարված են հասցրել: Համապատասխան գերատեսչություններին հանձնարարականներ տալուն զուգահեռ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն հասցնելու կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG