Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է ադրբեջանական կողմի նոր կորուստների մասին:
«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք: Այս հաղորդագրությունը պատրաստման ընթացքում էր, երբ հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք»:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են ռազմական բախումները: Առավել թեժ մարտեր են ընթանում արդեն ռազմաճակատի վերածված առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հաստատված տվյալներով, ղարաբաղյան ուժերը մարտագծի հարավարևելյան ճակատում շարքից հանել են 2 տանկ, հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 տանկ և 1 անօդաչու թռչող սարք:
«Այս հաղորդագրության պատրաստման ընթացքում հայտնի դարձավ, որ ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ հակաօդայինների կողմից հարավարևելյան ուղղությամբ խոցվել է թշնամու ևս մեկ ռազմական ուղղաթիռ, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 1 անօդաչու սարք»,- հաղորդում է ԼՂ ՊԲ-ն:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ «խստորեն դատապարտում է նախորդ գիշեր Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով և Հայաստանի հետ սահմանին՝ հարձակումենրի թիրախ դարձնելով նաև քաղաքացիական օբյեկտներ ու բնակավայրեր»:
APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թերթերի շրջանի Ղարաղաջի գյուղում հայկական կողմից հրետակոծման հետևանքով զոհվել է այդ գյուղում բնակվող փախստական Ջալալ Ռահիմովը, նրա որդի Օրհան Ռահիմովը ծանր վիրավորվել է՝ զրկվելով ոտքերից։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ` ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության շուրջ:
Պաշտոնական Ստեփանակերտը ճշտում է վիրավորների թիվը՝ «Ազատության» հետ զրույցում ասել է Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով միջազգային հանրությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Ադրբեջանի պահվածքի վերաբերյալ:
«Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն»,- ասել է ղարաբաղցի պաշտոնյան:
Նախագահական նստավայրի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտության գոտում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։
Ղարաբաղի Զորավան գյուղում այս գիշեր վիրավորված երեխաները վիրահատվել են, նրանց վիճակը դեռևս կայուն ծանր է՝ «Ազատությանը» հայտնել է Ստեփանակերտի մանկական հիվանդանոցի տնօրեն Մեսրոպ Մարգարյանը։
Վիրավորները 11 և 12 տարեկան են, մեկը ստացել է ազդրի բազմաբեկորային կոտրվածք, մյուսի մոտ վնասվել են ոտքի փափուկ հյուսվածքները։ Նույն վայրում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով զորավանցի ևս մեկ երեխա զոհվել է։ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, թե այս պահին խաղաղ բնակչության շրջանում այլ զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չունեն։
ՀԱՊԿ-ը անդրադարձել է իրավիճակի սրմանը՝ ըստ էության մեղադրելով Ադրբեջանին: «Բաքվի գործողությունները տվյալ դեպքում հանգեցնում են հակամարտության և իրավիճակի սրման»,-«Интерфакс-АВН»-ին ասել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը՝հավելելով․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտապես կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։