
Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք այս իրավիճակում ճի՞շտ կլինի Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից, հայտարարել է․- «Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ էֆեկտիվ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մարտի 4-ի առավոտյան պաշտոնապես հաղորդեց ևս 3 ադրբեջանցի զինծառայողի զոհվելու մասին: Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, զինծառայողները զոհվել են «կորցրած դիրքերը վերադարձնելու համար» հայկական ուժերի հարձակման հետևանքով՝ հիմնականում Մարտակերտ-Թարթառ և Մարտունի-Ֆիզուլի ուղղություններով: Միաժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքում է հայկական կողմի հաղորդումները մի շարք դիրքեր ազատագրելու մասին:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ինչպես րոպեներ առաջ հաղորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ, ասված է հաղորդագրությունում:
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները», - նաև ասված է հաղորդագրությունում:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը առաջխաղացում է արձանագրել հյուսիսային ուղղությամբ, «Ազատության» հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն, գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 2-3-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք արտերկրյա գործընկերների հետ` ներկայացնելով նրանց ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը վերջին զարգացումները քննարկել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Այրոյի, ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ինչպես նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ:
Այսօր շփման գծից երեք ական է ընկել Իրանի հյուսիս-արևմտյան Արևելյան Ադրբեջանի շրջան, հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը՝ հղում տալով պաշտոնական աղբյուրներին:
Վնասների մասին հաղորդագրություններ չկան:
Տեղի իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական իշխանությունները Իրանի սահմանապահ ծառայություններին հավաստիացրել են, որ նման սխալ այլևս թույլ չեն տա:
Թվիթերում հրապարակված այս տեսանյութում ենթադրաբար երևում է, թե ինչպես է շփման գծից արձակված արկը ընկնում Իրանի տարածք:

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, այսօր դիմավորելով Սյունիքի մարզից Ստեփանակերտ ժամանած 250 զինված ազատամարտիկներին, հայտարարեց, որ ղարաբաղցի ազատամարտիկները արդեն դիրքերում են և Ղարաբաղում մասնակի զորահավաք է անցկացվել:
Սյունիքից ժամանած ազատամարտիկներին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
«Շատերն էին ցանկանում գալ, բայց առայժմ այսքանն են եկել», - «Ազատությանն» ասաց Խաչատրյանը:
Ազատամարտիկները սպասում են ԼՂ պաշտպանության նախարարության ցուցումներին, թե ուր պետք է գնալ: