Մատչելիության հղումներ

Վարորդը դատարանում վիճարկել է 40կմ/ժ գերազանցելու տուգանքը և շահել գործը


Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում 40 կմ/ժ արագության սահմանափակում բնակավայրի համար նախատեսված չէ։ Այս փաստը հայտնաբերած իրավաբան Ռուզաննա Ազրոյանը 40 կմ/ժ արագությունը գերազանցելու ոստիկանության տուգանքը վիճարկել է դատարանում և երկու օր առաջ շահել գործը։

Վարորդը Դավթաշեն-Եղվարդ ճանապարհին գերազանցել է սահմանված արագությունը՝ մեքենան վարելով 57 կմ/ժամ արագությամբ: Մինչդեռ խճուղու վրա տեղադրված է 40 կմ/ժ արագություն սահմանող նշան:

«Բնակավայրում 60 կիլոմետր ժամ արագությունը կարող է սահմանափակվել միայն դեպի առավելագույնը, ոչ նվազագույնը», - պարզաբանում է փաստաբանը, ով տուգանքը վիճարկելու իր որոշումը դատարանում հիմնավորել է Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքով:

Առաջին ատյանի դատարանի որոշումը ուրախացրել է ավտովարորդներին։ Նրանց իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանին արդեն մի քանի հոգի է դիմել՝ տուգանքները դատարանում վիճարկելու խնդրանքով։

«Սա մի վառ օրինակ է, որ տեսախցիկները ոչ թե դաստիարակություն են ներառում, այլ պատիժ, թալան», - ասում է Հովհաննիսյանը:

Ազրոյանի օրինակից ոգևորված առաջին վարորդը Գառնիկ Առաքելյանն է։ Նա մոտ մեկուկես տարի առաջ Սարալանջի փողոցում գերազանցել է արագությունը ու չի էլ ենթադրել, որ բնակավայրում 40 կմ/ժ արագություն սահմանող դրույթ օրենքում չկա։ Հիմա պատրաստվում է հետ պահանջել գումարը։

«Ես էլ եմ դիմելու դատարան: Բա՝ 30,000-ը քիչ փող չի, ամբողջ ամիս կարող ա աշխատես, աշխատես՝ 30,000 գումար չառնես», - ասում է նա:

Վարորդների մոտ հարց է առաջացել՝ ոստիկանությունը միտումնավոր է նման նշաններ տեղադրել, թե օրենքը լավ չի ուսումնասիրել։ Պարզվում է՝ ոչ մեկը, ոչ էլ՝ մյուսը։ Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն իրավաչափ է համարում նշանները։

«Բնականաբար, Ճանապարհային ոստիկանությունը, համակարծիք չլինելով վճռի եզրափակիչ մասի հետ, բողոքարկելու է այդ վճիռը վերաքննիչ դատարանում, եթե հետագայում կարիք լինի՝ նաև վճռաբեկ դատարանում», - ասում է Չիլինգարյանը:

Գործը շահած Ռուզաննա Ազրոյանը շեշտում է՝ որպես քաղաքացի 40 կմ/ժ սահմանող նշանները քաղաքի որոշ հատվածներում նորմալ է համարում, բայց որպես փաստաբան հավելում է՝ գործող օրենքն այլ բան է ասում․ - «Դա տեղադրվում է համապատասխան անցումային գոտիներում, դպրոցների, մանկապարտեզների մոտակայքում, սակայն ես նաև որպես իրավաբան գտնում եմ, որ նման վարչական ակտեր ընդունելը պետք է ունենա իրավական հիմք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG