Մատչելիության հղումներ

Կրճատվել են ներդրումները, տրանսֆերտները, հավաքված հարկերը


Հանրապետական Գագիկ Մինասյանը, մինչդեռ, այլ տվյալներ է մատնացույց անում, օրինակ՝ այս տարվա առաջին երկու ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 4,7 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության և Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարի, 2014թ․ համեմատ, ավելի քան երկու անգամ կրճատվել են օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ կազմելով 180,5 միլիոն դոլար, շարունակում են կրճատվել նաև քաղաքացիների կողմից արտերկրից ոչ առևտրային նպատակով ուղարկված տրանսֆերետների ծավալները՝ որոնք անցած տարի կազմել են 1 միլիարդ 216 միլոն դոլար: Տոկոսային արտահայտությամբ, դա շուրջ 30%-ով պակաս է 2014թ․ ցուցանիշի համեմատ:

Միաժամանակ, ՊԵԿ-ը 3 միլիարդ դրամով քիչ հարկեր է հավաքել այս տարվա առաջին երկու ամիսներին, քան նախորդ տարվա հունվար-փետրվարին: Այս տարվա առաջին երկու ամսիներին հավաքվել են 149,6 միլիարդ դրամ հարկեր ու տուրքեր: Այս ամենի ֆոնին մեկ տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է շուրջ 766 միլիոն դոլարով և այս տարվա փետրվարի վերջին կազմել է ավելի քան 5 միլիարդ 120 միլիոն դոլար:

Չնայած վատացած ցուցանիշներին, իշխանությունները չեն կորցնում լավատեսությունը: Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Գագիկ Մինասյանն այլ տվյալներ է ներկայացնում՝ «Ես իմ աչքի առջև հիմա ունեմ առաջին երկու ամիսների հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ հրապարակված ԱՎԾ-ի կողմից, և էստեղ եթե մենք նայում ենք տնտեսական ակտիվության ցուցանիշը, այն 4,7 տոկոսով աճել է նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ, արդյունաբերություն՝ շուրջ 10 տոկոս աճ, գյուղատնտեսությունը փոքրիկ, բայց աճ ունի՝ 2,5 տոկոս, վերջապես՝ շինարարությունն է աճ արձանագրել, արտահանումը 23,6 տոկոսով աճել է»:

Մինասյանին հիշեցրեցինք՝ ավելի քան մեկ տարի առաջ, երբ Հայաստանը պատրաստվում էր անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, իշխանության ներկայացուցիչները բավական հաճախ հավաստիացնում էին, թե անդամակցությունը լրացուցիչ ներդրումներ կբերի Հայաստան, որովհետև օտար գործարարը հասկանում է՝ Հայաստանի միջոցով իր առջև բացվում է ավելի քան 170 միլիոնանոց միության շուկան:

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների նման շեշտակի անկումը արդյո՞ք նշանակում է, որ օտարերկրյա գործարարները չհավատացին ձեր խոսքերին»,- հարց ուղղեցինք Մինասյանին: «Իհարկե հավատացին, բայց նաև հավատացին այն սանկցիաներին, որը տարածված է այդ 170 միլիոնանոց շուկայի ճնշող մեծամասնության՝ Ռուսաստանի վրա: Այս իրողությունը չտեսնել և ասել՝ ինչու այդպես եղավ, կարծում եմ արդարացված չէ, որովհետև Ռուսաստանն այսօր վճարունակ պահանջարկի առումով չափազանց զիջում է 2-3 տարի առաջվա Ռուսաստանին»,- պատասխանեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

«Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն ուշադրություն է հրավիրում հետևյալ հանգամանքի վրա՝ իշխանությունները խոսում են տնտեսական աճի մասին այն պարագայում, երբ ներդրումները կրճատվել են ու ավելի քիչ հարկեր են հավաքվում: Մինչդեռ՝ տրամաբանությունը հուշում է, որ աճող տնտեսությունից ավելի շատ հարկեր պետք է հավաքվեր, ասում է Խաչատրյանն ու հավելում՝ «նայենք, թե էդ 4,7 տոկոս տնտեսական ակտիվությունն ինչի հաշվին է ստացվել, երկու հիմնական ուղղություններ կան՝ արդյունաբերություն, այդ թվում՝ հիմնականում հանքարդյունաբերություն, և երկրորդ բնագավառը, որն էական ազդեցութուն է ունենում տնտեսության վրա, գյուղատնտեսությունն է, աճը՝ 32 տոկոս, որում 23 տոկոսը բուսաբուծության աճն է: Նախորդ տարվա համեմատ այդ աճը մեծ կասկած է հարուցում»:

Ըստ Խաչատրյանի, ամենացնցողն այս համատեքստում գործազրկության ցուցանիշն է․ այն աճել է, չնայած իշխանությունների արձանագրած տնտեսական աճին: «Չորրոդ եռամսյակում գործազրկության ցուցանիշը հասել է 19, 3 տոկոսի, ամբողջ տարվա ընթացքում՝ 18,5 տոկոս է: Նախորդ տարի եղել է 17, 8 տոկոս, այսինքն՝ գործազրկությունն աճել է»,- փաստարկում է տնտեսագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG