Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը թերահավատ է, թե ԸՕ նախագծի հեղինակները «կփարատեն հիմնական մտահոգությունը»


ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, արխիվ:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, արխիվ:

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով՝ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բանակցությունները:

Նոր Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանությանը ներկայացված միասնական պահանջները պաշտպանած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հույս չունի, թե նախագծի հեղինակները կփարատեն իրենց հիմնական մտահոգությունը՝ կհամաձայնեն հրապարակել քվեարկած քաղաքացիների ցուցակները:

«Ընտրական օրենսգիրքը, բացի ամեն ինչը, պետք է այնպիսի մեխանիզմներ իր մեջ ընդգրկեր, որը առնվազն հնարավորություն կտար վերահսկել ընտրությունները, որպեսզի ավելի վստահելի լիներ: Ես գտնում եմ, որ առաջարկված Ընտրական օրենսգրքի նախագիծը գոնե այդ հնարավորություններն ու այդ մեխանիզմը չի տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոքոբելյանը:

Իշխանությունը դեմ չէ ընդդիմադիրների ու հասարակական մի շարք կազմակերպությունների հինգ պահանջներից մեկին: Մնացած չորսը կա՛մ չի ընդունում, կա՛մ դրանց այլընտրանքներ է ներկայացնում:

Քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակման փոխարեն, առաջարկում են վստահված անձանց ու դիտորդներին տալ դրանք երկու ժամով ծանոթանալու հնարավորություն:

Ընտրական օրենսգրքի նախագծի հեղինակներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դեմ է Ազգային ժողովի ընտրությունները տարածքային ցուցակները բացառող կարգով անցկացնելու պահանջին․ - «Քննարկումները ցույց են տալիս, որ մենք իսկապես չենք կարող դա ընդունել, որովհետև դա նշանակում է փորձել տարածքները Հայաստանում անտեսել: Ամենավտանգավոր բանը կարող է լինել, երբ տարածքը չզգա, որ ինքը ունի իր պատգամավորը խորհրդարանում, և մեր մարզերի ընտրողների ձայնը հասանալի չէ խորհրդարանում»:

Մատների թանաքոտումը, Հարությունյանի կարծիքով, ընտրությունների նկատմամբ լրացուցիչ անվստահություն կստեղծի:

Վրացական տարբերակով ընտրացուցակների մաքրման պահանջին՝ հատուկ նշումով երկրից բացակայողներին առանձնացնելուն այլընտրանք առաջարկեց՝ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ստուգումը:

Եթե գտնվեն ֆինանսավորողներ, հեղինակներն ըստ էության դեմ չեն քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացը տեսանկարահանելուն:

Այս պահին խորհրդարանում ընթանում են 4+4+4 ձևաչափով՝ ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, բանակցությունները:

Դավիթ Հարությունյանն այսօր ևս շեշտեց, որ պատրաստ են առանց նախապայմանների, արդյունավետ քննարկման․ - «Որոշ միջոցներ, որ առաջարկվում են, իրականում լավագույն լուծումը չեն համարվում: Թեև բազմիցս խոսվում է մատերի թանաքոտման մասին, հավատացեք, դա լուծում չէ: Դրա մասին մի քանի անգամ խոսել եմ, ներկայացրել եմ դրանց թերությունները: Եվ լրացուցիչ անվստահության տարր մտցնել՝ հորինելով մի նոր միջոց, որը իրականում լուծում չէ, ես չեմ կարծում, դա լավագույն ճանապարհն է: Եթե մեր գործընկերները իսկապես պատրաստ են արդյունավետ քննարկմանը, այլ ոչ թե այն հայտարարությունների ոգով գործեն, որ հաճախ հնչում են իրենց շուրթերից զանգվածային լրատվության միջոցներով, ապա կարծում եմ, մենք կգտնենք եղանակներ՝ խնդիրները ձևակերպելու և լուծումները քննարկելու»:

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ խմբակցության ղեկավար) իշխանության ներկայացուցիչներին հորդորել էր չմտածել ընդդիմության մասին․ - «Այ ձեր ցավը տանեմ, ոչինչ, մեր մասին էդքան մի մտածեք, թողեք մենք մեր մասին մտածենք: Դուք մտածեք ձեր մասին: Եթե մենք գոհ ենք այդ մեխանիզմից՝ իր բոլոր թերություններով, ուրեմն իրագործեք, բոլոր մտահոգությունները, կասկածները փարատեք»:

Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր առավոտյան էլ քննարկումներ է անցկացրել Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Իշխանությունն ավելի վաղ ասել էր՝ 4+4+4-ը միակ ձևաչափը չի լինելու:

Լրագրողներին հնարավորություն չընձեռվեց հետևել այդ քննարկմանը: Խաչատուր Քոքոբելյանը փոխանցեց, թե իշխանությունն առաջարկել է տեղամասում չսահմանափակել լրագրողների մուտքը․ - «Օրինակ, պարոն Դավիթ Հարությունյանը լուծում էր առաջարկում, որը կոնկրետ ես նորմալ եմ համարում՝ ցանկացած լրատվամիջոց ցանկացած տեղամասում մեկ կամ երկու հոգի ունենա, հիսունից ավել չլինի միևնույն լրատվամիջոցի կողմից»:

XS
SM
MD
LG