Մատչելիության հղումներ

Արևմուտքը ողջունում է Ինթիգամ Ալիևի ազատ արձակումը


Ադրբեջան – Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը հարցազրույց է տալիս լրագրողներին ազատ արձակվելուց հետո, Բաքու, 28-ը մարտի, 2016թ․
Ադրբեջան – Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը հարցազրույց է տալիս լրագրողներին ազատ արձակվելուց հետո, Բաքու, 28-ը մարտի, 2016թ․

Արևմուտքը հույս ունի որ առաջիկայում ադրբեջանցի բոլոր քաղբանտարկյալները ազատ կարձակվեն:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, արձագանքելով ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի ազատ արձակման մասին լուրին, երկուշաբթի երեկոյան հայտարարում էր․ - «Արդեն իսկ երկու տարի անազատության մեջ անցկացրած իրավապաշտպան Ինթիգամ Ալիևի համար պայմանական պատժաչափ սահմանելու մասին Ադրբեջանի Գերագույն դատարանի կայացրած վճիռը ևս մեկ դրական քայլ էր, որին նախորդեց Նովրուզ տոնի առթիվ մի շարք քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և լրագրողներին շնորհված ներումը»:

Մոգերինին հույս է հայտնել, որ պաշտոնական Բաքուն այսքանով չի սահմանափակվի և ազատ կարձակի բանտերում գտնվող մյուս քաղաքական գործիչներին ու լրագրողներին ևս:

Պաշտոնական Վաշինգտոնը ևս ողջունում է Ինթիգամ Ալիևի ազատ արձակումը: Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին երեկ Վաշինգտոնում տարածած գրավոր հայտարարության մեջ նշել է․ - «Միացյալ Նահանգները ողջունում են Ադրբեջանի Գերագույն դատարանի այսօր կայացրած վճիռը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել մյուս անձանց ևս, ովքեր ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքներն իրացնելու համար»:

Պետդեպարտամենտի խոսնակը հավելել է, թե պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել ադրբեջանական իշխանությունների հետ «հետագա դրական քայլերն ապահովելու նպատակով»:

Ինքը`արդեն նախկին քաղբանտարկյալ Ինթիգամ Ալիևը, բանտից դուրս գալուց հետո տված առաջին հարցազրույցում ևս նշում էր,որ իր ազատ արձակմամբ քաղբանտարկյալների խնդիրը երկրում չի հանգուցալուծվել:

«Ես երկակի զգացողություններ ունեմ այսօր:Մի կողմից սուտ կլիներ ասել,թե ես ուրախ չեմ,որ ազատության մեջ եմ:Այսօր ստեղծված իրավիճակում երբ ազատության մեջ գտնվող մեր ընկերները բազմաթիվ կարևոր գործեր են իրականացրել, ձեռքերը ծալած նստելը սխալ կլիներ:Այժմ ես կարող եմ այդ բեռի մի մասը վերցնել իմ ուսերին:Մյուս կողմից հիասթափված եմ,որովհետև մեր բազմաթիվ ընկերներ շարունակում են մնալ անազատության մեջ:Ես հաճույքով նրանց կզիջեի իմ տեղը»`-հայտարարում էր Ինթիգամ Ալիևը`«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ զրույցում` համոզմունք հայտնելով,որ իր ազատ արձակումը Ադրբեջանում ծավալված լուրջ տեղաշարժերի վկայությունն է:

«Ընդհանուր առմամբ գործընթացների մեկնարկը տրված է:Ես համոզված եմ,որ շուտով մեր ընկերները ևս ազատության մեջ կլինեն:Շուտով Ադրբեջանը ևս ազատ կլինի»`-համոզված է Ինթիգամ Ալիևը:

Վերջին երկու շաբաթներին ադրբեջանական իշխանությունները ընդհանուր առմամբ 15 քաղբանտարկյալների են ազատ արձակել:Քաղաքական պատճառներով բանտերում հայտնված քաղաքական և հասարակական գործիչների,լրագորղների ընդհանուր թվաքականը սակայն,իրավապաշտպանների գնահատմամբ, գերազանցում էր 100-ը և նրանց ճնշող մեծամասնությունը շարունակում է մնալ ադրբեջանական բանտերում:Ազատազրկվածների թվում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագորղ Խաթիջա Իսմաիլովան և «Հանրապետական Այլընտրանք»`REAL շարժման հիմնադիր Իլգար Մամեդովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG