Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ արեց երկրի գլխավոր դատախազին


Վիկտոր Շոկին
Վիկտոր Շոկին

Ուկրաինայի Գերագույն ռադան պաշտոնանկ արեց երկրի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինին։

Շոկինին պաշտոնանկ անելու մասին որոշմանը կողմ է քվեարկել է 289 պատգամավոր։

Ուկրաինայի գլխավոր դատախազի հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքների և անհրաժեշտ բարեփոխումներին խոչընդոտելու պնդումների ֆոնին փետրվարի կեսերին նախագահ Պետրո Պորոշենկոն առաջարկել էր Շոկինին հրաժարական ներկայացնել։

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Շոկինը աշխատանքից հեռացրել է իր տեղակալին՝ Դավիթ Սակվարելիձեին, ով հայտարարել էր, որ գլխավոր դատախազությունում շարունակում են հեռացնել քննիչների, ովքեր զբաղվում են այսպես կոչված «ադամանդե» դատախազների մասնակցությամբ կոռուպցիոն գործերի բացահայտմամբ։ Այդ հետաքննությունը համակարգում էր Սակվարելիձեն։

Սակվարելիձեի աշխատանքից հեռացնելու մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքում։

Գերատեսչությունը պարզաբանում է, որ այդպիսով կառույցը համապատասխանեցնում են «Դատախազության մասին» օրենքի պահանջներին։

Սեպտեմբերին Սակվարելիձեն նշանակվեց Օդեսայի նահանգի դատախազ՝ դառնալով գլխավոր դատախազի միակ տեղակալը, որը միաժամանակ շրջանային դատախազ է։

Դավիթ Սակվարելիձեն Վրաստանի նախկին նախագահ, իսկ ներկայում Ուկրաինայի Օդեսա նահանգի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի զինակիցն է, Վրաստանում հանցավորության դեմ պայքարի և օրինականության հաստատմանն ուղղված բարեփոխումների առանցքային կերպարներից։

2015 թվականին Սակվարելիձեն, ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն, նշանակվել է այդ երկրի գլխավոր դատախազի տեղակալ։

Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին ակնկալում է Ուկրաինայի նախագահի արձագանքը՝ երկրի գլխավոր դատախազի տեղակալի աշխատանքից հեռացնելու կապակցությամբ: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա ընդգծել է, որ երբ Սակվարելիձեն նշանակվել է Օդեսայի դատախազ, «նախագահը նրան մանդատ է տվել» օգնելու Սաակաշվիլիին՝ մաֆիայի դեմ պայքարելու և շրջանում կարգուկանոն հաստատելու գործում:

Նահանգապետի խոսքերով՝ նախկին դատախազը մի շարք քրեական գործեր էր հարուցել ժողովրդական պատգամավոր Սեգեյ Կիալովի անվան հետ առնչվող մեքենայությունների, ինչպես նաև Օդեսայի նահանգի մի շարք քաղաքների ղեկավարների, Պետրո Պորոշենկոյի բլոկի տեղական ներկայացուցիչների դեմ:

Սաակաշվիլին հիշեցնում է, որ գլխավոր դատախազությունը Սակվարելիձեի պաշտոնանկության մասին տեղեկացրել է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG