Մատչելիության հղումներ

WSJ. Օբաման Էրդողանի հետ առանձին հանդիպման ծրագիր չունի


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, արխիվ

Էրդողանի հետ չհանդիպելու Օբամայի որոշումը, սակայն, չպետք է դիտարկվի որպես արհամարհանք, ասել են Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպում ունենալ իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ, ով առաջիկա օրերին Վաշինգտոն է այցելելու՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Ամերիկյան The wall street journal-ի փոխանցմամբ, նախագահ Օբաման նաև մերժել է էրդողանի հետ Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը մասնակցելու առաջարկը։

Մզկիթի կառուցումը, հիշեցնենք, ֆինանսավորել է Թուրքիան։

Ամերիկյան պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրը, գրում է նաև, որ ԱՄՆ նախագահը չունի նաև պլաններ Էրդողանի հետ առանձին հանդիպում ունենալու շուրջ։

Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով, Էրդողանի հետ չհանդիպելու Օբամայի որոշումը, սակայն, չպետք է դիտարկվի որպես արհամարհանք։

Երկու երկրների նախագահները վերջին անգամ հանդիպել են անցած նոյեմբերին Թուրքիայում՝ «Մեծ քսանի» գագաթնաժողովին, ինչպես նաև հեռախոսազրույց ունեցել անցյալ ամիս։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ ամիսներ շարունակ թուրք պաշտոնյաները փորձում էին հասնել Վաշինգտոնում Օբամա - Էրդողան առանձին հանդիպում կազմակերպելուն։

Թերթը հիշեցնում է, որ Վաշինգտոնն ու Անկարան քրդական հարցում լուրջ տարաձայնություններ ունեն վերջին շրջանում։

Ամերիկյան պաշտոնյաները մի կողմից աջակցում են Թուրքիայի պայքարին՝ քրդական աշխատավորական կուսակցության դեմ, որը Միացյալ Նահանգներում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, մյուս կողմից էլ Սիրիայում՝ Վաշինգտոնն իր դաշնակից է համարում նաև քրդերին, որոնց Անկարան իր հերթին համարում Քրդական աշխատավորական կուսակցության մաս։

Փետրվարի սկզբներին Էրդողանը կոչ էր անում Վաշինգտոնին՝ Թուրքիայի և քրդերի միջև ընտրություն կատարել։ Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի բանագնաց Բրեթ Մըքգուրկը այցելել էր սիրիական Քոբանի, որը վերահսկվում է քրդերի կողմից։

«Ինչպես մենք կարող ենք ձեզ վստահել։Ովքե՞ր են ձեր գործընկերներ՝ մենք, թե Քոբանիի այդ ահաբեկիչները», - վրդովում էր Էրդողանը։

Իր հերթին Օբաման Էրդողանին կոչ էր անում՝ վերջ տալ Սիրիայում քրդերի դեմ ռմբակոծություններին։

«Ստեղծված իրավիճակում, լրացուցիչ տարածքներ նվաճելու նպատակով, Սիրիացի քրդերին օգտագործելը, ինչպես ընդգծել է Օբաման, Սպիտակ տունը սխալ է համարում՝ միևնույն ժամանակ կարծում, որ Անկարան պետք է զսպվածություն դրսևորի», - գրում է The wall street journal-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG