Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը ողջունել է Պալմիրայի ազատագրումը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մուն

Նախքան պատերազմը, տարեկան 150 հազար զբոսաշրջիկ է այցելել Պալմիրա։

Մերձավոր Արևելքի պատմամշակութային ամենաարժեքվոր և կարևոր կենտրոններից մեկում` հնամենի Պալմիրայում այլևս չկան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներ։

Քաղաքն ազատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը, որին գործողության ընթացքում սատարել է ռուսական օդուժը։

Խալիֆայություն ստեղծելու խենթ գաղափարով առաջնորդվող «Իսլամական պետությունը» Իրաքում արդեն ոչնչացրել է պատմամշակութային հիրավի անգին կոթողներ` Նիմրութում, Մոսուլում և Էլ-Խադրում։

Սիրիայի կառավարության հնությունների պահպանման դեպարտամենտի ղեկավար Մաամուլ Աբդուլքարիմը դեռ անցյալ տարի նախազգուշացրել է, որ, հաշվի առնելով Իրաքի օրինակը, պետք է գիտակցել, եթե «Իսլամական պետությունը» գրավի Պալմիրան, համաշխարհային քաղաքակրթությունն անդառնալի կորուստ կկրի։

Այդ քաղաքում պահպանվել են անտիկ ժամանակաշրջանի շինություններ, որոնք կառուցվել են երկրորդ հազարամյակի 1-2-րդ դարերում։ Ըստ պատմաբանների, դրանք հին հռոմեական ճարտարապետության նմուշներ են։ Որոշ շինությունների վրա նկատելի է նաև հին հունական և հին պարսկական մշակույթի ազդեցությունը։

Պալմիրայում կա ավելի քան հազար սյուն, հռոմեական կամուրջ, մեռելաքաղաք (նեկրոպոլ) 500 գերեզմանով, չքնաղ հռոմեական ճանապարհ։ Դրանք Պալմիրայի համալիրի ընդամենը մի մասն են։

BBC-ի փոխանցմամբ, նախքան պատերազմը, Պալմիրա տարեկան այցելել է 150 հազար զբոսաշրջիկ։

Իսլամիստները Պալմիրան գրավել են տասը ամիս առաջ և անցած կիրակի օրը վերջապես այնտեղից դուրս են շպրտվել։

Սիրիայի հնությունների պահպանման դեպարտամենտի ղեկավար Աբդուլքարիմը երեկ ասել է, որ ազատագրված քաղաքում իրավիճակը նախատեսվածից ավելի բարվոք է։

«Համալիրի մեծ մասը, կարծես թե, պահպանվել է։ Եթե ստանանք UNESCO-ի հավանությունը` հինգ տարում կվերականգնենք այն, ինչ ոչնչացրել է «Իսլամական պետությունը», - ասել է Աբդուլքարիմը France-Presse-ին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը գովեստով է խոսել Պալմիրայի ազատագրման մասին։

«Մենք ողջունում ենք այն, որ Սիրիայի կառավարական ուժերը Պալմիրայից վտարել են «Իսլամական պետությանը» և խոստանում են ոչ միայն պահպանել, այլև վերականգել համամարդկային արժեք ներկայացնող այդ մշակութային ժառանգությունը», - Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Արևմտյան մամուլում նշում են, որ Պալմիրայի ազատագրումը ամերիկացիներին անհարմար վիճակն է գցում։ Հիմա ամերիկացիները ստիպված են հրապարակավ ընդունել, որ Բաշար ալ-Ասադի բանակը, ռուսների և իրանցիների աջակցությամբ, ազատագրել է Պալմիրան»,- գրել է The Los Angeles Times-ի մեկնաբան Փաթրիք ՄըքԴոննելլը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG