Մատչելիության հղումներ

Հրապարակվել են Բրյուսելի ահաբեկչության գործով մեղադրյալների անունները


Բելգիայի դատախազությունն այսօր հայտարարել է, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրանք է առաջադրվել երեկ ձերբակալված 4 անձանցից 3-ին` Յասին Ա-ին, Մոհամեդ Բ-ին և Աբուբաքեր Օ-ին: Երեկ ձերբակալված 4-րդ անձին, ըստ գլխավոր դատախազության այսօրվա հաղորդագրության, հարցաքննելուց հետո ազատ են արձակել:

Գլխավոր դատախազությունը հրապարակել է մեղադրյալների անունները՝ նախընտրելով զերծ մնալ հավելյալ տեղեկություններ տրամադրելուց:

Բելգիական ոստիկանությունը երեկ Բրյուսելում և Անտվերպենում իրականացրել է 13 օպերատիվ գործողություն՝ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի երկու կայարաններում տեղի ունեցած պայթյունների մեղավորներին հայտնաբերելու նպատակով:

Երեկ ձերբակալվել էր 9 անձ, առաջին հարցաքննության ժամանակ նրանցից 5-ին ազատել էին, 4-ի հարցաքննությունը շարունակել:

Բելգիայի դաշնային ոստիկանությունն այսօր հրապարակել է Բրյուսելի օդանավակայանի ներսում նկարահանված կադրեր, որոնցում պատկերված անձնավորությունը կասկածվում է ահաբեկչության փորձի մեջ: Ոստիկանությունն առայժմ չի հստակեցրել կաթնագույն բաճկոնով, սև գլխարկով անձի ինքնությունը: Լրատվամիջոցների հրապարակած անձի անունն ու ինքնությունը պաշտոնապես չի հաստատվել:

Այսօր հայտնի դարձավ, որ Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտերի զոհերի թիվն ավելացել է ևս մեկով՝ հասնելով 35-ի:

Առողջապահության նախարար Մեգգի դե Բլոքը Թվիթերում գրել է` այժմ Բրյուսելի հիվանդանոցի անձնակազմն ամեն ինչ անում է 4 քաղաքացու կյանքը փրկելու համար:

Հոլանդիայի դատախազությունը երեկ հաղորդել էր, որ, Ռոտերդամում ձերբակալվել է 32-ամյա ֆրանսիացի տղամարդ՝ Ֆրանսիայի դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու կասկածանքով:

CNN-ի փոխանցմամբ, եվրոպական անվտանգության մարմինները փնտրում են առնվազն 8 կասկածյալի, որոնք, ըստ իրավապահների տվյալների, առնչություն ունեն Փարիզում և Բրյուսելում «Իսլամական պետության» իրականացրած ահաբեկչություններին:

Վերջիններս, բացի մեկից, առնչություն են ունեցել Փարիզի համակարգված ահաբեկչական հարձակումների ղեկավարը համարվող, անցյալ տարվա նոյեմբերի 19-ին՝ Փարիզի ահաբեկչություններից հետո սպանված Աբդելհամիդ Աբաուդի և նույն գործով շաբաթներ առաջ Բրյուսելում ձերբակալված Սալահ Աբդեսլամի հետ:

Ֆրանսիայի և Բելգիայի անվտանգության մարմինները փետրվարին ծրագրել էին ավելի սերտ համագործակցություն՝ ահաբեկչական ակտերի կազմակերպիչներին և կատարողներին հայտնաբերելու նպատակով:

Բելգիական ոստիկանությունը երեկ ջրցան մեքենա է գործադրել Բրյուսելում հարյուրավոր մարդկանց բողոքի ակցիան ցրելու նպատակով: Մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հարյուրավոր քաղաքացիներից բացի ակցիային միացել են նաև ծայրահեղ ազգայնականներ, որոնք հնչեցրել են միգրանտներին երկրից քշելու կոչեր:

Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը բողոքի ակցիան համարել է անտեղի:

Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայեուն ասել է, թե ակցիայի մասնակիցները Բրյուսելից չեն, ժամանել են այլ քաղաքներից, մասնավորապես Անտվերպենից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG