Մատչելիության հղումներ

Զինվորական բժշկին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար


ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, կապիտան Աշոտ Սիմոնյանին՝ խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սիմոնյանը՝ որպես ուռոլոգիական բաժանմունքի օրդինատոր-սեքսապաթոլոգ, ծառայել է թիվ N զորամասում և ունեցել նույն բաժանմունքում բուժում ստացող զինծառայողներին, ինչպես նաև բաժանմունքի բուժքույրերին բուժվող զինծառայողների բուժման և հետվիրահատական շրջանում նրանց խնամքի հետ կապված ցուցումներ և հանձնարարություններ տալու կարգադրիչ լիազորություններ։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ հերթական արձակուրդում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողին բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման ընդունելու համար պահանջել և զինվորական հոսպիտալի իր աշխատասենյակում ստացել է խոշոր չափերով կաշառք, որից հետո իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ այլ բժշկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Խ. Խաչատրյանին ստացիոնար բուժման ընդունելու շուրջ:

Արդյունքում՝ զինծառայողը ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի կողմից տրված ուղեգրի հիմքով ստացիոնար բուժման է ընդունվել ՀՀ ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ, իսկ որոշ ժամանակ անց ստացիոնար բուժման ընդունվել ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ի թռիչքային փորձաքննությունների բաժանմունք:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (пաշտոնատար անձի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը):

Քննիչը միջնորդել է նրա նկատմամբ կալանավորումը ընտրել որպես խափանման միջոց, միջնորդությունը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG