Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը «ակտիվորեն զարգացնում են հարաբերությունները»


Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Միխեիլ Ջանելիձեի համատեղ մամլո ասուլիսը Երևանում, 25-ը մարտի, 2016թ․
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Միխեիլ Ջանելիձեի համատեղ մամլո ասուլիսը Երևանում, 25-ը մարտի, 2016թ․

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր Երևանում հայտարարեց, որ արտաքին ինտեգրացիոն տարբեր գործընթացները չեն խանգարում Երևան-Թբիլիսի համագործակցությանը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն այսօր Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց՝ չնայած արտաքին ինտեգրացիոն տարբեր գործընթացներին, երկու երկրներն ակտիվորեն զարգացնում են երկկողմ հարաբերությունները։ «Այսօր խոսեցինք նաև այն մասին, թե ինչպես կարող ենք օգտագործել այդ ինտեգրացիոն գործընթացները՝ ի նպաստ մեր համագործակցության ու համատեղ ծրագրերի: Մենք ցանկանում ենք իրականացնել փոխադարձ բարձրաստիճան այցելություններ՝ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի խորացնելու համար»,- նաև ասաց Ջանելիձեն։

Այսօր իսկ Ջանելիձեն հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, «նախագահը ողջունել է հյուրին Հայաստանի Հանրապետություն նրա պաշտոնական առաջին այցի շրջանակներում և հույս հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-վրացական երկկողմ բարեկամական հարաբերությունների խորացման գործում»: Սերժ Սարգսյանը նաև «գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Վրաստանի միջև վերջին տարիներին զգալիորեն ակտիվացել են բարձր մակարդակի շփումներն ու քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ավանդական բարիդրացիական հարաբերությունների և երկու եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա»:

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն իր հերթին «կարևորել է ՀՀ Նախագահի անցյալ տարեվերջին Վրաստան կատարած այցը և ընդգծել, որ իր խորին համոզմամբ, լայն հնարավորություններ կան բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ, զարգացնելու տնտեսական հարաբերությունները, կյանքի կոչելու հեռանկարային նոր համատեղ ծրագրեր»:

Ըստ նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության, Սերժ Սարգսյանը և Միխեիլ Ջանելիձեն կարևորել են նաև երկու պետությունների կողմից՝ միմյանց համար սկզբունքային նշանակություն ունեցող զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և փոխադարձ շահերի հարգման վրա հիմնված քաղաքականությունը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ-վրացական արդյունավետ համագործակցությունը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ՝ Հայաստանի և Վրաստանի միջև չկան խնդիրներ, կան հարցեր, որոնք համատեղ ջանքերով լուծվում են: «Քիչ առաջ ավարտվեցին մեր բանակցությունները, որոնց ժամանակ քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր: Մեր երկրների միջև առկա են գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ութ տասնյակից ավելի համաձայնագրեր: Այդ իրավապայմանագրային հարուստ դաշտը, երկուստեք շահագրգռվածությունը և պատրաստակամությունը լավ հիմք են` երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Պայմանավորվեցինք նաև առավել ակտիվացնել երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունները», - ասաց Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարը հավելեց՝ «իմ վրացի գործընկերոջ հետ քննարկել ենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ, առևտրատնտեսական, ֆինանսական, կրթական, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր»:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին պետք է լուծվի իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան հասցնելու հարցը։ Անցյալ շաբաթ Հայաստանի էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը հայտարարել էր, որ ապրիլի 11-ին Թբիլիսիում հանդիպելու են Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի էներգետիկայի նախարարները՝ գազի և էլեկտրաէնգիայի փոխանակմանը վերաբերող օրակարգով։

Ավելի վաղ՝ անցած տարեվերջին, էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն էր ասել, որ 2018 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը։ Այս հարցերի շուրջ, սակայն, երկու արտգործնախարարներից այսօր որևէ տեղեկություն ստանալ չհաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG