Մատչելիության հղումներ

Ավարտվել է «Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու գործով նախաքննությունը


Նշան Ասատրյան, արխիվ
Նշան Ասատրյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է հանրաքվեի ընթացքը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու գործով նախաքննությունը։

ՀՔԾ-ն նշում է, որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նշան Ասատրյանը ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:

«Մասնավորապես՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը Կոմիտասի 56 հասցեում գործող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու նպատակով հիշյալ վայրում տեսախցիկով կատարել է նկարահանում, որի ժամանակ Նշան Ասատրյանը մոտեցել է վերջինիս և պահանջել, որ դադարեցնի նկարահանումներն ու հեռանա: Անուշ Մկրտչյանը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, որի ընթացքում Ասատրյանը վերջինիս կողմից Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ ձեռքով բռնել է տեսախցիկի օբյեկտիվը և Անուշ Մկրտչյանից պահանջել տեսախցիկը կամ դրա հիշողության քարտը հանձնել իրեն: Այս կերպ՝ Ասատրյանը իր դիտավորյալ գործողություններով խանգարել է նկարահանման իրականացմանը՝ խոչընդոտելով զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Նշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով (Քաղաքացու ընտրական կամ հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը կամ ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելը, ինչպես նաև ընտրական կամ հանրաքվեի հանձնաժողովի կամ նախաձեռնող խմբի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը):

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՔԾ-ն նաև տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետ կապված խախտումների փաստերով 2016 թվականի մարտի 24-ի դրությամբ հարուցվել և քննվել են 37 քրեական գործեր, որոնցից 10-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 15 քրեական գործ կարճվել է, 2 քրեական գործ կասեցվել է, 3 քրեական գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ7 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG