Մատչելիության հղումներ

Բելառուսն ու Վրաստանը հաստատակամ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

«Մեր երկու պետությունները պատրաստ են հետևել ժամանակի հրամայականին և պարբերաբար շտկել հարաբերությունները, բայց բացառապես դեպի դրանց բարելավումը», - ասել է Բելառուսի նախագահը:

Բելառուսն ու Վրաստանը հաստատակամ են երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում`չնայած այն հանգամանքին, որ Մինսկը համարվում է Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցներից մեկը, իսկ Թբիլիսին արդեն ութերորդ տարին է ինչ խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: Սա է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի` Բելառուս կատարած երկօրյա այցի գլխավոր արդյունքը:

«Կարևոր չէ, թե ինչ քաղաքականություն է որդեգրել Վրաստանը և ինչ քաղաքականություն ենք որդեգրել մենք: Ժամանակները փոխվում են, մենք հետևում ենք այդ բոլոր իրադարձությունների ընթացքին: Կարծում եմ, որ մեր երկու պետությունները պատրաստ են հետևել ժամանակի հրամայականին և պարբերաբար շտկել հարաբերությունները, բայց բացառապես դեպի դրանց բարելավումը: Ի վերջո չմոռանանք, որ դուք մեզ համար օտար մարդիկ չեք և ես ուրախ եմ, որ դուք այստեղ ձեզ զգում եք ինչպես տանը». - դիմելով վրացական կառավարության ղեկավարին՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Մինսկում կայացած բանակցությունների ընթացքում Գիորգի Կվիրիկաշվիլին հաճոյախոսությունների առումով Բելառուսի նախագահին չէր զիջում:

Վրացական կողմը հատուկ ընդգծում է, որ բարձր է գնահատում պաշտոնական Մինսկի հաստատակամությունը` Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը չճանաչելու հարցում:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

«Մենք իրոք հարազատ մարդիկ ենք և այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը: Վրաստանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որ ստանում է Բելառուսից: Ձեր անձնական ներդրումը մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ահռելի է: Մենք հատկապես երախտապարտ ենք այն աջակցության համար, որ չնայած բազմաթիվ դժվարություններին ցուցաբերում է Բելառուսը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում», - դիմելով Լուկաշենկոյին՝ հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Տնտեսական ոլորտում կայացված գլխավոր համաձայնությունն էլ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու պայմանավորվածությունն էր: Անգամ կոնկրետ թիվ է նշվում` տարեկան 200 միլիոն դոլար:

«Եթե ձեզ հետաքրքրում է եվրոպական շուկան, եվրասիական շուկան, ուրեմն արգելված թեմաներ Բելառուսում ձեզ համար գոյություն չունեն: Ես կարծում եմ, որ մենք արագորեն ի վիճակի կլինենք հասնել 200 միլիոն ցուցանիշին», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG