Ռուսաստանցիների վերաբերմունքը դաշնության նախագահի նկատմամբ որոշակիորեն անկում է գրանցում։
Վարկանիշը տակավին շատ բարձր է. այս կարգի վստահություն դեմոկրատական և ոչ մի պետության ղեկավար ներկայիս աշխարհում, իհարկե, չունի։ Բայց վստահությունը տասը տոկոսով նվազել է։
2015 թվականին Վլադիմիր Պուտինին «ամբողջությամբ», կամ «հիմնականում» վստահել է հարցվածների 83 տոկոսը, իսկ հիմա` 73։ Դրա հետ մեկտեղ, «հիմնականում չվստահող» կամ «բացարձակ չվստահող» քաղաքացիների թիվը անցյալ տարվա 14 տոկոսից հասել է 19 տոկոսի։ Այս տվյալները տրամադրել է հասարակական կարծիքի հետազոտություններ իրականացնող «Լևադա» կենտրոնը։
Ուշագրավ է, որ նախագահ Պուտինով «հիացած» քաղաքացիների թիվը նվազել է երկու, իսկ նրան «համակրողների» թիվը` յոթ տոկոսով։ «Անտարբեր» քաղաքացիների թիվն աճել է հինգ, զգուշացողների թիվը` երեք, իսկ հակակրանք տածողների թիվը` մեկ տոկոսով։
«Լևադա» կենտրոնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գրաժդանկինի փոխանցմամբ, Պուտինի վարկանիշը միևնույն է շատ բարձր է։
«Դրական վերաբերմունքի շեշտակի աճը, որը գրանցվել է Ղրիմից հետո, այսօր աստիճանաբար մարում է, բայց միևնույն է ավելի բարձր է, քան 2013 թվականի տարեվերջին», - ասել է Գրաժդանկինը «Դոժդ» հեռուստակայանին։
Եթե անցյալ տարի Պւտինին «փորձառու քաղաքական գործիչ» է համարել 44 տոկոսը, հիմա այդպիսի կարծիք ունի հարցվածների 33 տոկոսը։
«Կայտառ, վճռական և ուժեղ կամք ունեցող» է Պուտինին համարում 31 տոկոսը, անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 41 տոկոս։ 25-ից 20 տոկոսի է իջել Պուտինին՝ «մարդկանց իր հետևից տանող իսկական լիդեր» համարողների թիվը։
Սոցիոլոգների փոխանցմամբ, 16-ից 22 տոկոսի է հասել Պուտինի արտաքին քաղաքականությանը հավանություն տվողների թիվը։
«Լևադա» կենտրոնը մի հետաքրքիր հանգամանք է նշում. հարցվածների 68 տոկոսը տեղեկություն չունի կոռուպցիոն գործարքների մեջ Պուտինի ներքաշված լինելու թեմայով BBC-ի նկարահանած ֆիլմի մասին։ Ֆիլմից տեղյակ է հարցվածների 29 տոկոսը, նրանցից միայն երեք տոկոսն է դիտել այդ ֆիլմը։
Ֆիլմից տեղյակների 32 տոկոսը համոզված է, որ դա «Ռուսաստանի դեմ ուղղված թշնամական պրոպագանդա» է։ 22 տոկոսի կարծիքով, դա «անձամբ Պուտինի դեմ ուղղված զրպարտություն է», իսկ 27 տոկոսը չի բացառում, որ «այդ ֆիլմում կան արդար հարցադրումներ»։
Չնայած վերոնշյալ անկումներին, հարցվածների 62 տոկոսը ցանկանում է, որ Պուտինը ևս մեկ անգամ ընտրվի նախագահ, այդ ցուցանիշը զարմանալի է, քանի որ անցյալ տարի նման ցանկություն է հայտնել 57 տոկոսը։