Մատչելիության հղումներ

Երևանում բացվեց Պոեզիայի պուրակը


Armenia -- World Poetry Day in Armenia, 21March, 2016.
Armenia -- World Poetry Day in Armenia, 21March, 2016.

Պոեզիայի համաշխարհային օրը, որը նշվում է այսօր, Երևանում, Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվեց Լևոն Անանյանի անվան Պոեզիայի պուրակը:

Տարբեր սերունդների ժամանակակից բանաստեղծներն այսօր նորաբաց պուրակում հավաքվածների համար ընթերցում էին իրենց ստեղծագործությունները:

Բանաստեղծներից շատերին ունկնդիրները չէին ճանաչում: Մանկագիր Անուշ Վարդանյանը ցավով նշեց, որ այսօրվա երիտասարդները ճանաչում են միայն դասականներին և շատ վատ գիտեն ժամանակակից գրողներին․ - «Ես համարում եմ դասագիրք կազմողների մեծ մեղքը, որ Հրանտ Մաթևոսյանով վերջանում է դասագրքում ժամանակակից գրողը․․․ Մենք չենք գնահատում կենդանի արվեստագետին: Դա շատ սխալ է ոչ միայն արվեստագետի համար, այլ հասարակության համար»:

Պոեզիայի համաշխարհային օրվա առիթով Գրողների միության նախաձեռնությամբ կազմակերպվեցին գրողների այցելությունները դպրոցներ, ծաղկեպսակներ դրվեցին մեր մեծերի՝ Չարենցի, Իսահակյանի, Տերյանի հուշարձաններին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը համոզված է, որ մեր օրերում ևս բանաստեղծներն ունեն իրենց ընթերցողը․ - «Պոեզիան ով զգում է, ապրում է, ինքը մշտապես հարգելու է, կարդալու է ու սիրելու է․․․ Ես կարծում եմ, որ [գրող - ընթերցող կապը] չի խզվել, որովհետև եթե մենք ունենք ճշմարիտ հարյուր ընթերցող, դա արդեն իսկապես պոետին ոգևորող բան է: Ինչո՞ւ: Որովհետև Նարեկացին իր «Մատյան»-ը մի օրինակով է, չէ՞, գրել: Բայց այդ մի օրինակով «Մատյան»-ը հազարավոր, հարյուր հազարավոր տպաքանակով է տպագրվում․․․ Այնպես որ, այսօր մենք ընթերցող ունենք: Ինչպես Բորխեսն էր ասում՝ ես ավելի շատ ուրախանում եմ իմ նոր կարդացած գրքով, քան իմ գրած նոր ստեղծագործությամբ»:

Բանաստեղծ Վահե Արսենի համոզմամբ, պոեզիան իր յուրահատուկ առաքելությունն ունի բոլոր ժամանակներում․ - «Պոեզիան միաժամանակ և՛ ժամանակն է արտացոլում, և՛ ժամանակի զարկերակն է, ինչպես Չարենցն է ասել, և՛ կապ է տիեզերքի հետ, Արարչի հետ․․․ Այսօր մենք մի քիչ շատ ենք տարվել մեր ժամանակով, մեր ժամանակի կենցաղով: Դրանով է՛լ ավելի ենք կենցաղայնացնում և ընդհանրապես հեռանում ենք արվեստի հոգևոր բնույթից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG