Մատչելիության հղումներ

Օբաման մասնակցել է Կուբայում ճանաչված դերասանի տեսահոլովակի նկարահանմանը


Բարաք Օբաման Կուբայում, 20-ը մարտի, 2016թ.
Բարաք Օբաման Կուբայում, 20-ը մարտի, 2016թ.

Կուբացիները ոգևորված են ԱՄՆ-ի նախագահի այցից։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կուբայում է։ Սա պատմական իրողություն է։ 1928 թվականից հետո սա ԱՄՆ-ի նախագահի առաջին այցելությունն է Կուբա։

Երկօրյա այցի ընթացքում Օբաման հանդիպելու է Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոյի, քաղաքական այլախոհների հետ, ինչպես նաև ներկա է գտնվելու բասկետբոլի խաղին, որտեղ հանդիպելու են Կուբայի բասկետբոլի հավաքականը և Ֆլորիդայի թիմը։ Խաղն անցկացվելու է երեքշաբթի օրը։

Երկրի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ հանդիպում նախատեսված չէ։

Այցի ընթացքում Օբաման նաև ելույթ է ունենալու, որը հնարավոր է ուղիղ հեռարձակվի Կուբայի հեռուստատեսությամբ։

Այցի նախաշեմին Բարաք Օբաման մասնակցել է Կուբայում ճանաչված կատակերգու դերասան Լուի Սիլվայի տեսահոլովակի նկարահանմանը, որը տեղադրված է Կուբայում ԱՄՆ-ի դեսպանատան կայքում, ինչպես նաև Ֆեյսբուքում։

Այս տեսահոլովակում կուբացի դերասանի հերոսը՝ Պամպիլոն, բեյսբոլի խաղից առաջ զանգահարում է եղանակի տեսությունը իմանալու համար, սակայն իբր ընկնում է Սպիտակ տուն։ Նա և Օբաման սկսում են բարեկամաբար զրուցել, քննարկել Օբամայի այցը Կուբա։

Պամպիլոն նախագահին զգուշացնում է շատ իրեր չվերցնել հետը, որովհետև կարող է երկար մնալ մաքսակետում։

Նա Օբամային առաջարկում է օդանավակայանից նրան վերցնել ամերիկյան արտադրության 1958 թվականի «Շևրոլե»-ով, գիշերել իրենց տանը։ Առաջարկում է Կուբայում գարեջուր խմել և դոմինո խաղալ։ Կուբացիները ոգևորված են ԱՄՆ-ի նախագահի այցից, որը մոտավորապես 90 տարվա մեջ առաջին անգամ է կատարվում։

Սառնարաններ վերանորոգող վարպետ Կարլոս Մազան «Ասոշիեյթեդ փրես»-ին ասել է, թե իր կյանքում նման բան չի տեսել, անհավանական այց է։

Նա հույս է հայտնել, որ ամերիկացի գործարարները և զբոսաշրջիկները կօգնեն բարելավելու երկրի տնտեսական իրավիճակը։ «Կուբայում փոփոխությունները շատ դանդաղ են ընթանում, բայց դիվանագիտության մեկնարկը առաջընթացի մեծ քայլ է», - ասել է Մազան։

Սրճարանի աշխատակից, 60-ամյա Խիմերա Սանչեսն ասել է, թե ինքը հպարտ է, որ Օբաման այցելում է Կուբա՝ գտնելու համար իրենց հետ բարեկամանալու ճանապարհները։

Օբամայի այցի դեմ մի խումբ այլախոհներ են բողոքել՝ պնդելով, որ Կուբայում դեռ լուծված չեն մարդու իրավունքների խնդիրները, և ԱՄՆ-ի նախագահի համար դեռ վաղ է այցելել Կուբա։

Հիշեցնենք, 2014 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգները և Կուբան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մտադրության մասին, որն ընդհատվել էր 1961 թվականից։

Անցյալ տարի հուլիսին Վաշինգտոնում և Հավանայում վերաբացվեցին երկու երկրների դեսպանատները։ Սակայն Կուբայի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները, սահմանափակումները դեռ շարունակվում են, դրանք վերացնելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի որոշումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG