Դոնի Ռոստովում օդանավի աղետի վայրում ավարտվել են որոնողական աշխատանքները: Այսօրվանից սկսվելու է օդանավակայանի թռիչքուղու վերականգնումը, որը նախատեսվում է ավարտել երկուշաբթի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, ով գլխավորում է ավիաաղետի պատճառները հետաքննող կառավարական հանձնաժողովը:
Հայտնաբերված երկու սև արկղերը ուղարկվել են Մոսկվա: Օդանավակայանը դեռ փակ է:
Շաբաթ առավոտյան եղանակային բարդ պայմաններում վայրէջքի երկրորդ փորձի ժամանակ այստեղ աղետի ենթարկվեց Դուբայ-Դոնի Ռոստով չվերթը իրականացնող FlyDubai ավիաընկերության Boeing մարդատար օդանավը: Օդանավում գտնվող բոլոր 62 մարդիկ զոհվել են:
Այսօր Դոնի Ռոստովում սգո օր է հայտարարված: