Մատչելիության հղումներ

Կոտայքում Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն բացվեց


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզում ներկա է գտնվել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողությանը:

Բացումը կատարել են այդ նպատակով ժամանած Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը և Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Երկու պետությունների արտակարգ իրավիճակների նախարարների, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նախագահը շրջել է նորաբաց կենտրոնում, այցելել ճգնաժամային կառավարման կենտրոն, փրկարարական աշխատանքների կառավարման վրանային ճամբար, ծանոթացել նորաբաց տարածաշրջանային կենտրոնի գործունեության պայմաններին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կենտրոնի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կոչված է նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, բարձրացնելու բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը: Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրով, այլև համապատասխանում է «ՀԱՊԿ-ի շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Այն նպատակ ունի նաև զարգացնել ՀԱՊԿ-ի անդամ պետությունների` արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման կարողությունները:

Բացման արարողությունից հետո երկու երկրների արտակարգ իրավիճակների նախարարները Հայաստանի նախագահի ներկայությամբ ստորագրել են Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների և արտոնությունների մասին համաձայնագիրը:

Հայաստանի և Ռուսաստանի փրկարար ծառայությունների համագործակցության խորացման, հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում նշանակալի ավանդի համար Վլադիմիր Պուչկովին Սերժ Սարգսյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ շնորհակալությամբ հիշելով նրա ներդրումը նաև 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG