Մատչելիության հղումներ

ԱՆ. Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից


Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից։

Ըստ նախարարության, լեյշմանիոզները վարակիչ հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները մակաբույծներ են:

«Լեյշմանիոզները դասակարգվում են երեք հիմնական տեսակի՝ ընդերային, մաշկալորձային և մաշկային: Վարակի աղբյուրը տարբեր կենդանիներն են, հիմնականում՝ հիվանդ շնազգիները: Լեյշմանիոզներն անմիջականորեն մարդուց մարդուն չեն կարող փոխանցվել, դրանք անցնում են մլակների խայթոցի միջոցով», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը նշում է, որ ընդերային լեյշմանիոզն առավել ծանր է ընթանում, ավելի հաճախ հիվանդանում են երեխաները, ուղեկցվում է երկարատև անկանոն տենդով, փայծախի չափերի մեծացումով, քաշի կորստով: Վաղ ախտորոշման և բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է:

Լեյշմանիոզները տարածված են տաք կլիմայական պայմաններ ունեցող երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանի հարևան երկրների սահմանակից տարածքներում:

«Նախկինում Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզի ինչպես ընդերային, այնպես էլ մաշկային ձևերը: Ձեռնարկված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ` լեյշմանիոզի դեպքերը գրեթե վերացվել են: Ներկայումս հանրապետությունում արձանագրվում են միայն ընդերային լեյշմանիոզի հատուկենտ դեպքեր, հիմնականում՝ Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում և Երևանում, մինչև երկու տարեկան երեխաների շրջանում», - ասված է հաղորդագրությունում:

Նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, նախարարությունը հայտնում է, որ երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում:

«Լեյշմանիոզից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից` մանրավանդակ ցանցով ցանցապատելով բնակարանների դռներն ու պատուհանները, մարմնի բաց մասերը ծածկել հագուստով կամ մաշկը մշակել հատուկ վանող նյութերով, պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը, քանի որ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում, պայքարել թափառող կենդանիների (շներ) դեմ», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ փետրվարի վերջին Լոռու մարզի Շնող գյուղում ինն ամսական երեխայի մահվան պատճառը, ըստ լրատվամիջոցների, եղել է լեյշմանիոզը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG