Եվրոպական միության և Հայաստանի միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության յոթերորդ փուլն է տեղի ունեցել երեկ Երևանում:
Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ նախարարությունների և պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և այլ ներկայացուցիչներ:
Եվրամիության պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության մարդու իրավունքների ռազմավարության և քաղաքականության իրականացման ստորաբաժանման ղեկավար Էլիզաբեթ Թիզոնը:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ երկխոսությունը կայացել է բաց և կառուցողական մթնոլորտում. Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրության և մտահոգության մի շարք հարցեր և հնարավորություն ունեցել անդրադառնալ Հայաստանում և Եվրոպական միությունում մարդու իրավունքների իրավիճակին:
Արձանագրվել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ բարեփոխումների գործընթացում ձեռք բերված առաջընթացը, անդրադարձ է արվել մարդու իրավունքների պաշտպանության նպատակով պետության կողմից ձեռնարկվող քայլերին և Հայաստանի կողմից այս ուղղությամբ հետագա առաջընթացն ապահովելու հանձնառությանը:
Քննարկվել են նաև դատաիրավական, մասնավորապես՝ քրեակատարողական համակարգի բարեփոխումները, ընտրական գործընթացներն ու ընտրական օրենսդրությունը, քաղաքական ազատության, քաղաքացիական ազատություններին և քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր, հակախտրական քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների և գենդերային հավասարության իրավիճակը:
Գործընկերներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առավել առարկայական համագործակցության հնարավորություններին:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, կրոնական և միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծել են Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ-ի աջակցության կարևոր նշանակությունը:
Մարդու իրավունքների շուրջ ԵՄ-Հայաստան երկխոսությունը հաստատվել է 2009 թվականի դեկտեմբերին: Հանդիպումները հաջորդաբար տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Երևանում և Բրյուսելում: