Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում են իշխանափոխության երրորդ փորձը


Ժիրայր Սեֆիլյան
Ժիրայր Սեֆիլյան

Ապրիլի 24-ից և դեկտեմբերի 1-ից հետո Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նախաձեռնում են իշխանափոխության երրորդ փորձը:

«Նոր Հայաստան» շարժումը բանակցություններ է սկսել ընդդիմադիր ուժերի հետ՝ մի քանի շաբաթից միասնական ճակատով փողոց դուրս գալու համար։

«Դա Ստեփան Դեմիրճյանն է, դա ՀԱԿ-ն, Նիկոլ Փաշինյանն է «Քաղաքացիական պայմանագրով», Աշոտ Մանուչարյանն է իր նախաձեռնությամբ, Պարույր Հայրիկյանն է և հավանաբար Արամ Կարապետյանը և մի քանի այլ գործիչներ, ինչու չէ նաև քաղաքացիական սեկտորը, որտեղ հայտնի և ոչ հայտնի անձնավորություններ, հիմնականում երիտասարդներ կան։ Այս ամբողջի միավորումը մենք առաջիկա օրերին նորից փորձելու ենք իրականացնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սեֆիլյանը։

Սեֆիլյանի համոզմամբ, ընդդիմադիրների միավորումը, մարդկային ու նյութական ռեսուրսների կենտրոնացումը վերջապես տալու է արդյունք.- «Գյուղ առ գյուղ, փողոց առ փողոց շրջելով, ժողովրդին նորից պետք է հրապարակ բերել և վերջապես հաջողել այդ մոբիլիզացիան, ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնել այս ռեժիմը»։

Դեկտեմբերի 1-ից սկիզբ առած հանրահավաքներին չմիացավ Նիկոլ Փաշինյանը՝ պատճառաբանելով, թե իշխանափոխության ճանապարհային քարտեզ չի տեսնում։

«Այս անգամ պարոն Փաշինյանի սեղանին դնելու ենք շատերի կողմից ճանապարհային քարտեզի պահանջը՝ ռեժիմի հեռացում, վստահության կառավարության ձևավորում և ազատ, արդար, արտահերթ ընտրությունների կազմակերպում։ Այս երեք կետերի փակագծերը բացող մի փաստաթուղթ ունենք, որը այսօր կամ վաղը կլինի Ազատության հրապարակի մեր սեղանի վրա»,- ասաց Սեֆիլյանը։

Նոր կուսակցություն ստեղծելու մասին հայտարարած Վարդան Օսկանյանը, ըստ Սեֆիլյանի, «Մարտի 1»-ի քաղաքական մեղսակից է, ուստի համագործակցության եզրեր չկան.- «Նա եթե իր մեջ ուժ գտնի և մեղայականով հանդես գա, ներողություն խնդրելով մեր ժողովրդից, որ այդ օրերին կանգնած է եղել ոճրագործի կողքին, և բացահայտումներ կատարի ներքին խոհանոցից, թե հրամանները ինչպես են կատարվել, ով ում է հրամայել՝ ժամով, բոլոր մանրամասնություններով, այդ դեպքում գուցե ոչ թե մենք կգործակցենք, այլ ժողովուրդը այդ մարդուն կների»։

Եթե չհաջողվի միավորել ընդդիմադիր ողջ դաշտը, «Նոր Հայաստան»-ը, միևնույն է, փողոցային պայքարից չի հրաժարվելու։ «Մենք հրապարակից դուրս չենք գալու, դա պահպանվելու է մինչև վերջ»։

«Նոր Հայաստան»-ը բացառում է մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ որպես դաշինք, շարժման առանցքային ուժերից՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը» 2017-ի ընտրապայքարի մասին դեռ որոշում չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG