Մատչելիության հղումներ

Ռաուֆ Միրկադիրով. «Ես հայկական լրտես չեմ»


Ռաուֆ Միրկադիրովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Ռաուֆ Միրկադիրովը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ

«Ես Հայաստանի օգտին չեմ լրտեսել և շարունակելու եմ պահանջել, որպեսզի դատարանն ինձ արդարացնի»․ - սա էր այն առաջին հայտարարությունը, որ հնչեցրեց ադրբեջանցի լրագրող, «Զերկալո» օրաթերթի նախկին թղթակից Ռաուֆ Միրկադիրովը գրեթե երկու տարի բանտում անցկացնելուց հետո: Նրա ազատ արձակումը հնարավոր դարձավ Բաքվի վերաքննիչ դատարանի այսօր կեսօրին կայացրած վճռի շնորհիվ, որի համաձայն, Միրկադիրովի՝ վեց տարվա ազատազրկման դատավճիռը փոխարինվեց պայմանական պատժաչափով` հնգամյա փորձաշրջանով հանդերձ:

«Իմ ձերբակալության պահից սկսած ես նույնն եմ կրկնել` որ մեղավոր չեմ: Թե՛ նախաքննության և թե՛ դատավարության ընթացքում այդպես էլ որևէ լուրջ ապացույց չներկայացվեց առ այն, որ ես հայրենիքի դավաճանություն եմ կատարել և համագործակցել եմ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ: Իմ պաշտպանները ամբողջությամբ հերքել են այն բոլոր ոչ համոզիչ ապացույցները, որ ներկայացվել էին [իմ դեմ]», - ասում էր Միրկադիրովը դատարանի շենքի մոտ հավաքված լրագրողներին:

Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայությունը, հիշեցնենք, պնդում էր, թե Միրկադիրովը հավաքագրվել է հայկական հատուկ ծառայությունների կողմից` տեղեկություններ փոխանցելով ռազմական ստորաբաժանումների և ռազմավարական նշանակության օբյեկտների` մասնավորաբար Բաքուն Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանին կապող նորակառույց մայրուղու մասին: Որպես ապացույց մեղադրող կողմը ներկայացնում էր 2009 թվականին Թբիլիսիում արված մի տեսագրություն, որտեղ Միրկադիրովը հանդիպում էր Հայաստանի երկու քաղաքացիների` այդ թվում «Ռեգիոն» կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի հետ և նրանցից, մեղադրող կողմի պնդմամբ, որոշակի գումար ստանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը պնդում էր, որ Թուրքիայում կազմակերպված համաժողովներից մեկի ընթացքում Միրկադիրովը հանդիպել է 1994-95 թվականներին Հայաստանի Ազգային անվտանգության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Շահնազարյանի հետ:

Միրկադիրովը ազատազրկմանը նախորդած մի քանի տարիներին բնակվում էր Թուրքիայում` աշխատելով որպես «Զերկալո» թերթի Անկարայի սեփական թղթակից: Լրագրողի` 2014 թվականի ապրիլին տեղի ունեցած ձերբակալությունը ադրբեջանական և թուրքական հատուկ ծառայությունների սերտ համագործակցության արդյունք էր: 2014-ի ապրիլին հենց թուրքական իշխանությունների որոշմամբ էր, որ Միրկադիրովը արտաքսվեց հայրենիք, իսկ դրանից մի քանի օր անց էլ նրա` Անկարայում գտնվող բնակարանը խուզարկվեց թուրքական հակահետախուզության 11-հոգանոց օպերատիվ խմբի կողմից:

Ազատազրկման երկու տարիներին լուրջ ճնշումների ենթարկվեց նաև Ռաուֆ Միրկադիրովի ընտանիքը: Լրագրողի կինը` Ադելյա Բաբախանովան, նույնպես ներգրավվեց քննչական գործողություններում` այդ թվում հարցաքննության ենթարկվելով Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության տարածքում` Բաքվից ժամանած քննիչների կողմից: Հատուկ ծառայությունների չդադարող ճնշումների պատճառով էր, որ Միրկադիրովի կինն ու դուստրերը ստիպված էին քաղաքական ապաստան խնդրել Շվեյցարիայում: Նրանց դիմումը բավարարվեց 2014 թվականի դեկտեմբերին:

«Դուք գիտեք, որ իմ ընտանիքն ապրում է արտերկրում: Դատարանի որոշմամբ՝ ես չեմ կարող լքել երկիրը և միավորվել ընտանիքիս հետ: Մենք կփորձենք հնարավորինս արագ հանգուցալուծել այս խնդիրը, որպեսզի ես կարողանամ վերամիավորվել կնոջս և երեխաներիս հետ», - նշում էր Միրկադիրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG