Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 04.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում՝ Անտառային փողոցի մոտակայքում, ճանապարհահատվածը փլվել է, ինչի հետևանքով երթևեկությունը խափանվել է, անհրաժեշտ է օգնություն:
Ըստ նախարարության, դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (ՃԿԱԿ) օպերատիվ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խմբերը:
«Պարզվել է¸ որ Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց մոտ 15 մետր երկարությամբ և 8 մետր բարձրությամբ բետոնե հենապատը փլուզվել է և թափված հողազանգվածի հետ փակել Սարալանջի պողոտայի երթևեկելի հատվածը: Տարածքի տեղազննման արդյունքում Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի դիմաց՝ ասֆալտի վրա, նկատվել են մոտ 5 մետր երկարությամբ և մոտ 0.7 սմ լայնությամբ ճաքեր: Փրկարարները ժապավենով սահմանազատել են շենքի հարակից վտանգավոր հատվածը», - ասված է հաղորդագրությունում:
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարը, փրկարար ծառայության տնօրենը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը։
«Փրկարարները սահմանազատել են Ազատության պողոտայի թիվ 1/21 շենքի հարակից վտանգավոր հատվածը: Ներկայումս իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում: