Մատչելիության հղումներ

Քաղցրաշենցի խաղողագործները ստիպված են սպասել գումարը ստանալու հերթական վերջնաժամկետին


Քաղցրաշենցի խաղողագործներն այսօր Երևան-Մեղրի ավտոճանապարհը ավելի քան մեկ ժամ փակ պահեցին՝ անցած աշնանը մթերած բերքի դիմաց գումարներն ստանալու պահանջով։ Գյուղատնտեսական աշխատանքներն արդեն սկսվել են, բայց ավելի քան 100 տնտեսություններում գյուղացիների ձեռքին ընդամենը մոտ 200 միլիոն դրամի կտրոններ են։

Բողոքի այսօրվա ակցիային արձագանքեցին գյուղատնտեսության երկու փոխնախարարներն ու Քաղցրաշենի գինու գործարանի ներկայացուցիչը, ովքեր հանդիպեցին ակցիային մասնակիցներին ու խոսք տվեցին՝ մեկ ամսվա ընթացքում կմարվեն բոլոր պարտքերը։ Ավելի վաղ կառավարությունից գյուղացիներին վստահեցրել էին, թե մինչև փետրվարի 1-ը բոլոր պարտքերը կվերադարձվեն, այնուհետև վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև մարտի 15-ը։ Այս անգամ ևս ստիպված կլինեն սպասել ևս մեկ ամիս: Գյուղացիներն այսօր գյուղ վերադարձան՝ նշելով, թե վերջին անգամ են հավատում այս խոստումներին։

Ավելի քան 3.5 միլիոնի իր պարտքին սպասող Սոս Վարդանյանը հաշվում է անցած տարվա ծախսերն ու ի մի բերում թղթի վրա մնացած գումարները։

«Սեպտեմբերից հանձնել եմ, ես իմ սաղ եկամուտը դրել եմ խաղողի վրա: Մինչև հիմա ոչ մի կոպեկ չեմ ստացել»,- ասում է նա:

Չնայած քաղցրաշենցիները այսօր համաձայնեցին մայրուղին բացել ու սպասել ևս մեկ ամիս, բայց իրենց կողքին կանգնելու և այս հարցում օժանդակելու խոստումներ տված կառավարության անդամների հետ քիչ հույս են կապում։ Գարունը բացվել է, բայց էլի վերևների շունչն իրենց թիկունքում չեն զգում։ «Մարզպետն ու գյուղնախարարը ասեցին՝ հանձնեք զավոդին 110 դրամով, հանձնեք, փողի մասին հետո կմտածենք»:

Կամո Արարատյանը ավելի քան 3.5 միլիոն դրամի խաղող է հանձնել Քաղցրաշենի գինու գործարանին։ 6 ամիս անց մեկ դրամ անգամ չի ստացել։ Այսօր արդեն քանդել է իր 3700 մետր այգին։ Արդյունքը չեմ տեսել, այլևս ներդրում չեմ անի, ասում է հուսահատ գյուղացին։

«Ամբողջ այգին քանդել ենք, ամբողջը վերացնում ենք: Ճար չկա, պահենք՝ ի՞նչ անենք, եթե իրա ինքնարժեքը չի ապահովում, պահեմ՝ ի՞նչ անեմ: Կախեթի այգի է, հազվագյուտ այգի է, ամբողջ գյուղում երևի 5 հեկտար չկա»:

Նույն կերպ խաղողի 2000 մետր այգին արմատախիլ է արել նաև նրա համագյուղացին։ Գագիկ Մկրտչյանը 20 տոննա խաղող է ստացել իր այգիներից, բայց բերքը գործարաններին չի վստահել։ Դժվարությամբ, բայց սեփական ուժերով, շուկաներում է վաճառել բերքը։ Դարձյալ էժան է ստացվել, անգամ 70-80 դրամով է ստիպված եղել իրացնել, ասում է, սակայն, գոնե բերքի դիմաց գումարները կանխիկ է ստացել։ Այսօր բողոքի ակցիաների դուրս գալու խնդիր չունի, բայց նա էլ խաղողագործությունից հիասթափվել ու որոշել է այս տարի ներդրումներ չանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG