Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքի օպերատոր Ա. Գրիգորյանին։
«Ա. Գրիգորյանը «Հայփոստ» ՓԲԸ-ում աշխատում է 2007 թվականից՝ փոստային բաժանմունքներից մեկում որպես օպերատոր։ Նախաքննությամբ պարզվել է, որ նա 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին թվով 53 քաղաքացիներին կենսաթոշակ և նպաստ վճարելու համար իրեն հանձնված գումարներից յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Մասնավորապես՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան ցուցակներում ստորագրել է նշված կենսաթոշակառուների և նպաստառուների փոխարեն և գումարները յուրացրել», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը, վնասի մի մասը վերականգնել և պատրաստակամություն հայտնել պատճառված վնասը հետագայում վերականգնել ամբողջությամբ։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան: