Մատչելիության հղումներ

Լավրովը քննադատում է Միացյալ Նահանգներին


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Մոսկվան կհամագործակցի Վաշինգտոնի հետ, սակայն կոշտ կարձագանքի ցանկացած ոչ-բարեկամական քայլի, հայտարարում է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Կիրակի օրը Միացյալ Նահանգների հասցեին հերթական կոշտ հայտարարություններով է հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, «ՌԵՆ Թի Վի»-ին տված հարցազրույցում ասել է․ - «Ամեն ինչ չէ, որ Վաշինգտոնն այսօր ի վիճակի է անել: Ամերիկյան պաշտոնյաներն իրենց հեծելազորա-կովբոյական տրամադրությունները պետք է թողնեն անցյալում: Մենք կսպասենք, երբ կանցնեն այդ տրամադրությունները, իսկ մինչ այդ Ռուսաստանը համագործակցելու է Միացյալ Նահանգների հետ այն հարցերում, որոնք կբխեն Ռուսաստանի շահերից, սակայն կոշտ արձագանքելու է Վաշինգտոնի կողմից արվող ցանկացած ոչ-բարեկամական քայլի»:

Լավրովի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն այսօր հասկանում է, որ միայնակ չի կարող լուրջ խնդիրներ կարգավորել: «Նրանք նույնիսկ չեն կարող ազդել իրենց երկարամյա դաշնակիցների վրա, օրինակ՝ Թուրքիայի, որն անտեսում է Միացյալ Նահանգների պահանջը սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Ամերիկացիները քրդերի հետ համագործակցում են, իսկ թուրքերը քրդական «Ժողովրդավարական դաշինք» կուսակցությունը ահաբեկչական են հռչակում: Մենք բազմիցս հրավիրել ենք ամերիկացիների ուշադրությունը այս խնդրի վրա, սակայն նրանք ասում են, որ համաձայն են մեզ հետ, բայց որոշակի ժամանակ է պետք, որպեսզի այդ ամենը հանդարտվի», - հարցազրույցում երեկ ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ թուրք զինվորականներն արդեն գտնվում են Սիրիայի տարածքում և փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել սահմանամերձ շրջանները:

Մոսկվան փետրվարին արդեն հայտարարում էր, որ Անկարան պատրաստվում է ցամաքային ռազմական գործողություններ սկսել Սիրիայում:

Հարցազրույցում Լավրովը չի բացառել, որ Սիրիան մասնատվի, եթե քրդերը չմասնակցեն խաղաղ բանակցություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG