Մատչելիության հղումներ

Պուտին - Սարգսյան հանդիպմանը քննարկվել են անվտանգության հարցերը ՀԱՊԿ սահմաններում


Կրեմլում այսօր երեկոյան կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, Կրեմլի հաղորդմամբ, քննարկել են ղարաբաղյան կարգավորումը, ռուս-հայկական համագործակցության կարևորագույն ոլորտները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարները: Ողջունելով իր հյուրին՝ Պուտինն ասել է․ - «Կարիք չկա մեր երկկողմ հարաբերությունները բնութագրել որպես միջպետական, իրականում դրանք ռազմավարական գործընկերների հարաբերություններ են: Ինձ շատ հաճելի է փաստել դա և նշել, որ մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են»:

Անդրադառնալով տնտեսական խնդիրներին՝ Պուտինը նշել է․ - «Իհարկե, կան օբյեկտիվ բնույթի խնդիրներ, նկատի ունեմ առաջին հերթին տնտեսական համագործակցությունը, չնայած մենք հասկանում ենք, որ ընդհանուր առմամբ կարող ենք բավարարվել նրանով, թե ինչպես ենք կառուցել մեր հարաբերությունները»:

Ռուսաստանի նախագահը նաև հիշեցրել է, որ Հայաստանն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում․ - «Ես հույս ունեմ, որ կհաջողվի Ձեզ հետ զրուցել որպես այդ միջազգային կառույցի ղեկավարի, որովհետև հենց նա է պատասխանատու անվտանգության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և այն բանի համար, որ մեր սահմաններում ամեն ինչ հանգիստ լինի: Դե իսկ Հայաստանի ներկայացուցիչը այսօր գլխավորում է մեր տնտեսական միավորումը՝ ԵԱՏՄ-ն: Այդ պատճառով էլ մենք խոսելու բան ունենք, և ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար»:

Սերժ Սարգսյանն իր հերթին նշել է․ - «Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպման համար և հարյուր տոկոսով համաձայն եմ, որ մեր հարաբերությունները շատ լավ են զարգանում: Առհասարակ՝ լավ ավանդույթ է՝ հանդիպել տարվա սկզբին անցած տարվա արդյունքներն ամփոփելու և առաջիկա տարվա ուղենիշները ուրվագծելու համար»:

Հայաստանի նախագահը դրական է գնահատել երկու երկրների հարաբերությունների զարգացումը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմատեխնիկական, թե՛ հումանիտար ոլորտներում և երախտագիտություն հայտնել Ռուսաստանի նախագահի հետ նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրականացման համար:

«Հանդիսանալով ՀԱՊԿ նախագահող երկիր՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում այն լուծումների իրականացմանը, որոնք մենք ընդունել ենք ՀԱՊԿ սեպտեմբերյան և դեկտեմբերյան հանդիպումների ժամանակ», - նաև ասել է Սարգսյանը, - «Ինչպես դեկտեմբերյան նիստին և իմ մյուս ելույթներում հայտարարվել է՝ մենք հաստատապես աջակցում ենք Ռուսաստանի դիրքորոշմանը Սիրիայի հարցում: Եվ, իհարկե, մենք ողջունում ենք այն պայմանավորվածությունը, որին դուք հասել եք Միացյալ Նահանգների հետ զինված գործողությունների դադարեցման հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG