Մատչելիության հղումներ

Սարգսյանն ու Պուտինն այսօր Մոսկվայում կհանդիպեն


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, արխիվ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում, արխիվ

Երկու երկրների նախագահները այլ հարցերի թվում կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցերեկը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սարգսյանը Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար, երկկողմ գործակցությանը, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր։

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ, ասված է հաղորդագրությունում։

Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի, Սարգսյանն ու Պուտինը հատուկ ուշադրություն կդարձնեն ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցերին։

Թե որտեղ և երբ կընդունի Պուտինը իր հայաստանցի կոլեգիային, այս պահին դեռ հայտնի չէ։

Մոսկվայում՝ կենտրոնական հեռագրատան շենքում Հայաստանի նախագահը, ով գլխավորում է երկրի Շախմատի ֆեդերացիան, այսօր երեկոյան նաև մասնակցելու է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ըստ Ռուսաստանի պատմության թանգարանի պաշտոնական կայքի, այսօր Ռուսաստանի և Հայաստանի նախագահները պետք է մասնակցեին «Հայաստան՝ գոյության լեգենդ» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը։ Սակայն երեկ ցուցահանդեսի մասին տեղեկությունը կայքից հանվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG