Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը Ադրբեջանի գծով կառույցի նոր զեկուցող նշանակեց բելգիացի խորհրդարանական Ալեն Դեստեքսեին:
Վերջինս, հիշեցնենք, փոխարինում է իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունտին, ով հունվարից զբաղեցնում է ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնը:
Ալեն Դեստեքսեն 2014 թվականից ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության փոխնախագահն է:
Վեհաժողովի պաշտոնական կայքէջում ասվում է, որ Դեստեքսեն հայտնի է մարդու իրավունքների հարցերի մասին իր գրքերով:
Բելգիացի քաղաքական գործչի անունը հայտնի է դարձել Ռուանդայի ցեղասպանության մասին նրա հետաքննությամբ: Wikipedia-ում նշված է, որ Դեստեքսեն 1994 թվականի ռուանդացիների ցեղասպանության ժամանակ գտնվում էր Կիգալիում՝ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների շարքերում:
Ի դեպ, Ռուանդայի ցեղասպանության մասին պատմող իր գրքում բելգիացի քաղաքական գործիչը, խոսելով 20-րդ դարի ցեղասպանությունների մասին, անդրադառնում է նաև Հայոց ցեղասպանությանը:
Բելգիացի պատգամավորը, ով ներկայացնում է լիբերալների կուսակցությունը, Ադրբեջանի իշխանությունների հետ աշխատանքի փորձ է ձեռք բերել դեռ տարիներ առաջ: Նա ժամանակին գլխավորում էր Բելգիա-Ադրբեջան միջխորհրդարանական աշխատանքային խումբը: Համագործակցությունն այնքան արդյունավետ էր, որ ադրբեջանական կողմը որոշել էր այդ մասին հատուկ գիրք հրատարակել․ «Ադրբեջանի Հանրապետություն-Բելգիայի Թագավորություն․ 1992-2012»՝ այսպես է կոչվում գիրքը, որի շնորհանդեսը կազմակերպվել էր Բաքվի «Հիլթոն» հյուրանոցի «Փիրուզա» դահլիճում, դրան ներկա էր նաև Դեստեքսեն: Խոսելով ադրբեջանա-բելգիական հարաբերությունների պատմության մասին՝ բելգիացի պատգամավորը նշել էր, որ լավագույնը դեռ առջևում է: Այս մասին ասվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կայքէջում պահպանված պաշտոնական հաղորդագրությունում:
Մարդու իրավունքների հարցերով տարված քաղաքական գործիչը հայտնի է իր հակաիսլամական հայացքներով՝ նա հաճախ է խոսում Բելգիայում մահմեդական քաղաքական խմբավորումների գործունեությունը սահմանափակելու անհրաժեշտության մասին: