Մատչելիության հղումներ

Ջրով ողողված տների բնակիչները «փակուղու» մեջ են


Վարդաշենի 4-րդ փողոցի որոշ տների նկուղներն ամբողջությամբ ջրի մեջ են
Վարդաշենի 4-րդ փողոցի որոշ տների նկուղներն ամբողջությամբ ջրի մեջ են

Մարդիկ չգիտեն, թե իրավասու որ կազմակերպությանը դիմեն՝ իրենց բազմամյա խնդիրը լուծելու համար:

Վարդաշենի 4-րդ փողոցի մի շարք տների նկուղները հայտնվել են ջրի մեջ: Բնակիչներից Տիգրանի տան պատն արդեն փլվել է: 10 օր շարունակ «Երևան Ջուր», Արտակարգ իրավիճակների նախարարություն և թաղապետարան են զանգում, սակայն՝ «ապարդյուն»: Բնակիչների խոսքով, «գալիս նկարում-գնում են»:

«Գործողություն չեն արել, թող գոնե ջուրը կտրեն, ընդամենը էդ ենք խնդրում», - ասում է Տիգրանը: Նրա տարեց հարևաններն էլ պատմեցին, որ սա նոր խնդիր չէ․ արդեն 50 տարի ջրի մեջ են ապրում: «Մշտական էլ եղել ա, ուղղակի ուշադրությունից դուրս ա մնացել», «մենակ էդ մի կողմը չի, ճյուղավորված մի քանի կողմից գալիս ա»,- ասում են մարդիկ:

Բնակիչներից տիկին Մարիամը պատմում է՝ ոչ մի վերանորոգում այստեղ «չի դիմանում», նոր ներկած պատերն արդեն բորբոսնել են: Քնում-արթնանում են թաց անկողնում, զգեստապահարանի դռներն էլ միշտ բաց են պահում, որ գոնե շորերն օդափոխվեն: «Էս մեբելը արդեն խոնավությունից ուռել ա, հարսս ասում ա՝ մամա, ամբողջ օրը մեբելի հետ կռիվ եմ անում, հո չե՞նք կարող նորը առնել»:

Հարևաններից մեկն էլ ստիպված է եղել նկուղն ամբողջությամբ բետոնապատել, որպեսզի ջուրը տուն չհասնի: «Բոլորի պադվալներն էլ ջուր ա»: Ըստ բնակիչների, առնվազն 5-6 տուն ջրի մշտական հոսքի ազդեցությամբ վթարային է դարձել: Դրա պատճառը դեռ չեն կարողանում հականալ․ տուն մտնող ջրի խողովակները վնասված չեն:

«Չգիտենք՝ որտեղից ա գալիս, որ իմանանք՝ դիմացը կառնենք», «ջրմուղից զանգել են՝ ասում են մեր գործը չի, կոյուղի զանգեք, որտեղ մաքրում են: Դե էս պետությունը չգիտե՞ք, մեկը մյուսի վրա են գցում»,- դժգոհում են բնակիչները: Խնդրի մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն սայլը տեղից չի շարժվել: «Երևան Ջուր» ընկերությունում տեղյակ են խնդրին, սակայն ոչնչով օգնել չեն կարող: Ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ տեղանքը մի քանի անգամ ուսումնասիրել են և ոչ մի վթար չեն բացահայտել:

Ինչպես բնակիչները, «Երևան Ջուր»-ում ևս ենթադրում են՝ ամենայն հավանականությամբ, հեղեղումների պատճառը ստորգետնյա ջրեր են: «Կարող են լինել գրունտային ջրեր: Պետք է ծանոթանան, գուցե շատ վաղուց այնտեղ ինչ-որ այլ կոմունիկացիաներ են անցել, որոնց մասին ոչ ոք չգիտի»,- ասում է Մուրադ Սարգսյանը:

Հարցին՝ ո՞ւմ կարող է դիմել քաղաքացին այս իրավիճակում, նա դժվարացավ պատասխանել: Միայն ենթադրեց՝ եթե խնդիրը քաղաքացու տարածքում է, ուրեմն, ամենայն հավանականությամբ, պատասխանատվության և աշխատանքի ծանրության բեռը դրվում է նրա ուսերին: «Գուցե Արտակարգ իրավիճակների նախարարությո՞ւնը օգնի, թեկուզ բարի խորհուրդով»,- հավելեց Սարգսյանը:

Բնակիչներն այս վիճակը փակուղային են համարում : «Անգամ խնդրել ենք՝ վճարովի ավտո բերեն, քաշեն ջուրը, օգնեն, որ սենց փլուզումներ չլինի, բայց՝ իզուր»,- ասում է Տիգրանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG