Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ուկրաինայի հակամարտության խնդրով «նորմանդյան քառյակի»` Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Պավլո Կլիմկինի, Սերգեյ Լավրովի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Մարկ Էրոյի հանդիպումը։
Անանուն դիվանագետի փոխանցմամբ, Փարիզում «կար որոշակի դրական տեղաշարժ, բայց առաջխաղացում, որպես այդպիսին, չկար»։
Օրակարգի երկու հիմնական հարցերն էին փխրուն հրադադարի պահպանումը և Արևելյան Ուկրաինայում այս տարի տեղական ընտրությունների անցկացումը։ Հենց վերջինի շուրջ են երեկ ծավալվել ուկրաինացիների և ռուսների առավել թեժ վեճերը։
Ուկրաինայի արտգործնախարար Կլիմկինն ասել է, թե առանց անվտանգության երաշխավորման ոչ մի ընտրություն հնարավոր չի լինի։
«Ես ընդգծել եմ անվտանգության կարևորությունը, եթե այն չլինի, մենք չենք կարող որևէ ուրիշ հարց լուծել։ Եվ դա միջազգային համայնքի լուրջ ներգրավվածություն է պահանջում»,- հայտարարել է Կլիմկինը։
Ռուսական կողմը հայտնել է, թե պատրաստ է ընդունել տեղական ընտրությունների վերաբերյալ ֆրանսիացիների և գերմանացիների առաջարկը։ Միաժամանակ Մոսկվան պնդում է, թե ուկրաինացիները շատ հաճախ են խախտում հրադադարը։
«Թեպետ աշխարհազորայիններն էլ երբեմն մեղքեր են գործում»,- ավելացրել է Լավրովը։
Ասելով «աշխարհազորային», ռուսները նկատի ունեն Դոնբասի անջատականներին։ Կիևը պնդում է, որ անհրաժեշտ է բացարձակ և համապարփակ հրադադար, այլապես Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու իմաստ չկա։
Ներկայիս ժամանակահատվածում մարտական լայնածավալ գործողություններ չկան, բայց հրադադարի ռեժիմը հաճախ է խախտվում։
Լավրովն ակնարկել է, թե Մոսկվան անջատականներին կհամոզի կատարել հրադադարի պահանջները և մասնակցել տեղական ընտրություններին։
Ֆրանսիայի համոզմամբ, Ռուսաստանը և Ուկրաինան պետք է ավելին անեն Մինսկի համաձայնագիրը կատարելու համար։
«Մենք դեռ երկար ճանապարհ պետք է անցնենք, բայց սա ճիշտ ընտրած ճանապարհ է, մենք պետք է հստակ և վճռական առաջ գնանք»,- ասել է Էրոն։
Մինչդեռ, Գերմանիայի արտգործնախարարը չի թաքցրել, որ առանձնապես ոգևորված չէ փարիզյան հանդիպումից հետո։
«Ինձ չի բավարարել բանակցության սեղանի շուրջ Մոսկվայի և Կիևի դրսևորած մոտեցումը։ Իրավիճակն Արևելյան Ուկրաինայում կարող է սրվել ցանկացած պահին, դա պետք է լուրջ ըմբռնել»,- ասել է Շտայնմայերը։
Մի անանուն դիվանագետ փոխանցել է Reuters-ին, որ Ֆրանսիան և Գերմանիան շարունակելու են Կիևին համոզել` ընդունել Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ինչն անհրաժեշտ է այս տարվա առաջին կիսամյակում Դոնբասում տեղական ընտրություններ անցկացնելու համար։
«Կոնսենսուսի հասնելու ձախողումը չի նշանակում, որ ընդհանրապես որևէ առաջխաղացում չկա»,- ասել է դիվանագետը։
Ուկրաինայի արևելքում 2014-ին սկսված հակամարտության ընթացքում սպանվել է ավելի քան 9100 մարդ։