Մատչելիության հղումներ

Լևոն Չուքասզյան․ Մշակույթը ծաղիկի պես պիտի խնամվի


«Ազատությունը» զրուցել է Երևանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության և տեսության ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Չուքասզյանի հետ:

Չուքասզյանը, ով անցյալ տարի փետրվարին ընտրվեց իտալական հանրահայտ Ամբրոզյան ակադեմիայի իսկական անդամ, բոլորովին վերջերս ընտրվել է ֆրանսիական Մոնպելյեի Գիտությունների և գրականության ակադեմիայի թղթակից անդամ: Անվանի արվեստաբանը, ի թիվս այլ գիտական ուսումնասիրությունների, տարիներ շարունակ զբաղվել է նաև հայ-ֆրանսիական մշակութային կապերով և առնչություններով, բազմաթիվ հոդվածների և մենագրությունների հեղինակ է:

Զրույցի ընթացքում անդրադառնալով ժամանակակից հայ արվեստին՝ Լևոն Չուքասզյանն ասաց․ - «Գեղանկարչությունը որոնումների մեջ է և փորձում է համաքայլ ընթանալ աշխարհի արվեստագետների հետ․․․ և որոշ հաջողություններ արձանագրում են այդ ուղղությամբ: Բայց, պետք է ասել, որ մեր մշակույթը ընդհանուր առմամբ անկման մեջ է: Ոչ միայն գեղանկարչության մեջ է արտահայտվում, այլ առհասարակ․․․ գիտության մարզում, ընդհանրապես»:

Պատճառները, արվեստագետի խոսքով, «միայն Հայաստանի, հայկական պատճառներ չեն»․ - «Ընդհանրապես հայությունը, կարծում եմ, անկման մեջ է: Ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում: Այսինքն այն ազգային ոգևորության ալիքները, որոնք և՛ Սփյուռքին, և՛ Հայաստանի հայությանը համակում էին 60-ականների սկզբին կամ կեսերին, մենք չենք տեսնում դա: Մենք տեսնում ենք հակառակը»:

Լևոն Չուքասզյանի համոզմամբ, համատարած ուծացումը, հայության նվիրական իղձերի անկատար մնալը, սիրիահայ համայնքի սոսկալի վիճակը չեն կարող ահագնացող տագնապ չառաջացնել, իսկ այս ամենը չի կարող նպաստել մշակույթի ու արվեստի զարգացմանը․ - «Մենք չենք տեսնում, որ Հայաստանի ղեկավարությունը իրեն համայն հայության ղեկավարություն է զգում: Մի՞թե ազգային գաղափարները, նվիրական գաղափարները իրոք որդեգրվում են մեր ղեկավարության կողմից: Մենք չենք տեսնում, որ հայեցի վերաբերմունք կա, հայ մարդու ցավը կա այս վիճակի համար, և՛ մշակույթի, և՛ հասարակության ընդհանուր վիճակի համար, արտագաղթի համար: Ինչպե՞ս կարող է արտագաղթը ոգևորել մարդկանց, եթե այդ մարդկանց հարազատների մի մասը ապրում է դրսում՝ կտրված իրենց արյունակցական կապերից և միջավայրից, մշակույթից»:

«Մենք չենք տեսնում, որ մշակույթը փայփայվում է, մշակութային արժեք ներկայացնող շենքերը փայփայվում են և խնամքի են արժանանում: Ընդհակառակը՝ կործանվում են։ Ինչպե՞ս կարող է մտավորականությունը իրեն լավ զգալ, եթե նրա կյանքի բնականոն պայմանները խախտված են, պիտի օրվա հացի մասին մտածի կամ դուրս գա պայքարի՝ իր շենքը պահելու, իր քաղաքի հիշատակները, ազգային արմատները պահպանելու համար», - ասաց նա՝ շարունակելով․ - «Մշակույթը ծաղիկի պես պիտի խնամվի: Մարդու կյանքը արժեք չունի․․․ Մարդու, մտավորականի, մշակույթը ստեղծողի կյանքը պիտի խնամվի․․․ Կա՞ հոգատարություն: Չկա՛: Ամեն ինչ ինքնահոսի է մատնված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG