Մատչելիության հղումներ

Ազատազրկման սպառնալիք ռուսական սոցցանցում «Աստված չկա» գրառման համար


Վիկտոր Կրասնովին մեղադրում են «Աստված չկա» հայտարարության համար, Ստավրոպոլ, 2016թ.

Ստավրոպոլի դատարանը զարմանալի և աննախադեպ գործ է քննում. Ռուսաստանի Դաշնության քաղաքացին կարող է տուգանվել կամ նույնիսկ 1 տարով բանտ նետվել «Աստված չկա» գրությամբ "ВКонтакте" ռուսական սոցցանցում ստատուս տեղադրելու համար։

Սոցիալական ցանցերում օգտատերերի թիվը միլիարդների է հասնում, ամեն օր բռնկվում և մարում են միլիոնավոր վեճեր ամենատարբեր հանրագրերի, ինչպես նաև դրանց ուղեկցող մեկնաբանությունների շուրջ։ Հավանաբար, նման խնդիրներ ծագել են նաև մյուս երկրներում, սակայն Ռուսաստանում կարծես այսպիսի նախադեպ դեռ չի եղել։

38-ամյա բլոգեր Վիկտոր Կրասնովը 2014 թվականի հոկտեմբերին "ВКонтакте"-ում իր հանրագրով հայտարարել է, թե «Աստված չկա, իսկ Աստվածաշունչը հրեական հեքիաթների ժողովածու է»։

Դատական գործընթացի մասին է հաղորդել իրավապաշտպան Պավել Չիկովն, ով գրել է, թե Ստավրոպոլի Պրոմիշլեննի շրջանի դատարանում մեկնարկել է Կրասնովի գործով դատավարությունը։

Կրասնովին դատում են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի լրամշակված 148-րդ հոդվածով։ Կրասնովի փաստաբանն ասել է, որ երեկ դռնփակ դատավարության ընթացքում տուժող ներկայացող կողմը հայտարարել է, թե ցանկանում է, որ «բլոգերը պատժվի Աստծուն անարգելու համար»։

«Հավատացյալների զգացմունքները վիրավորելու» 148-րդ հոդվածը վերախմբագրվել է Pussy Riot-ի սկանդալից հետո։ Լրամշակված հոդվածով առավելագույն պատիժը 3 տարվա ազատազրկումն է։ Ըստ դիտորդների, Կրասնովի համար կարող են ընտրել կամ խոշոր տուգանքը, կամ 1 տարվա ազատազրկումը։

Սոցցանցում Կրասնովի երկու զրուցակիցներին վիրավորել է հանրագրի տեքստը, և նրանք բողոք են ներկայացրել ոստիկանություն։ 2014-ի տարեվերջին Ստավրոպոլի Պրոմիշլեննի շրջանի քննչական կոմիտեն գործը փոխանցել է դատախազություն` Կրասնովին ներկայացնելով «հավատացյալների զգացմունքները վիրավորելու» մեղադրանք։

Կրասնովի փոխանցմամբ, կատարվել է դատալեզվաբանական փորձաքննություն։ Ըստ փորձագետների եզրակացության, որի պատճենը հրապարակել է Грани.ру էլեկտրոնային պարբերականը, «Կրասնովի հանրագիրը հասցեագրված է ոչ թե մարդկանց, այլ կրոնական դավանանքին, հետևաբար՝ տուժածների արժանապատվությունը չի վիրավորում։ Բայց հայտարարությունը վիրավորական է ուղղափառ քրիստոնեության համար և նպատակ ունի վիրավորել հավատացյալների զգացմունքները»։

Արտապատկերում grani.ru կայքից
Արտապատկերում grani.ru կայքից

Ի դեպ, նշենք, որ ըստ Грани.ру կայքէջում տեղադրված պատճենի, Հյուսիսկովկասյան դատաբժշկական կենտրոնի փորձագետների եզրակացությունը ստորագրել է փորձագետ Դ.Գ. Գաբրիելյանը։

Կրասնովը հայտնել է, որ սոցցանցում սկսված վեճից հետո ինքը շատ հաճախ ստանում է հաշվեհարդարի սպառնալիքներով անանուն գրություններ։

Պետական դուման 2013 թվականին է լրամշակել Քրեական օրենսգրքի 148-րդ հոդվածը։ Օրինագիծը Դումա էր ներկայացվել 2012-ին` այն բանից հետո, երբ Pussy Riot փանք խումբը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում սկանդալային բողոքի ակցիա էր կազմակերպել։

«Աստվածածի՛ն, վռնդի՛ր Պուտինին» կարգախոսով ակցիայից հետո փանք խմբի երեք կին անդամներին` Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային և Եկատերինա Սամուցևիչին 2012-ի օգոստոսի 17-ին կրոնական ատելության հողի վրա կատարած խուլիգանության մեղադրանքով դատապարտել են երկուական տարվա ազատազրկման։

Նույն տարվա հոկտեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքական դատարանը Սամուցևիչի համար ընտրել է պայմանական ազատազրկման որոշում։ Տոլոկոննիկովային և Ալյոխինային 2013 թվականի դեկտեմբերի 23-ին ներում է շնորհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG