Մատչելիության հղումներ

Չեչենները Կադիրովին «աղաչում են չհեռանալ»


Ցույց Գրոզնիում՝ ի աջակցություն Ռամզան Կադիրովի, 22-ը հունվարի, 2016թ.
Ցույց Գրոզնիում՝ ի աջակցություն Ռամզան Կադիրովի, 22-ը հունվարի, 2016թ.

Օրեր առաջ Չեչնիայի առաջնորդը հայտարարել էր. - «Իմ ժամանակն անցել է»։

Սոցիալական ցանցերը հեղեղված են երեխաների լուսանկարներով և տեսանյութերով, ովքեր, արտասվելով, աղաչում են Ռամզան Կադիրովին՝ չլքել Չեչնիայի նախագահի աթոռը։

Կադիրովի կողմնակիցները, որոնց թվում, պարզվում է, կան նաև բազում երեխաներ, սոցիալական ցանցերում կոչ են անում նրան՝ շարունակել ղեկավարել երկիրը։

2007 թվականից Չեչնիայի առաջնորդի դերը ստանձնած 39-ամյա Կադիրովի պաշտոնավարման ժամկետը լրանում է գալիք ապրիլին։

Մինչ այդ, նա իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե այլևս չի ցանկանում շարունակել ղեկավարել ինքնավար հանրապետությունը։

Կլքի Կադիրովը նախագահի պաշտոնը, թե չի լքի` առայժմ հստակ չէ, սակայն ոչ ոք կասկած չունի, որ նա հարյուր տոկոսանոց շանսեր ունի կրկին ստանձնելու երկրի կառավարման ղեկը։

«Իմ ժամանակն անցել է», - փետրվարի 27-ին հայտարարել էր Կադիրովը։ Նույն օրը մեկ այլ հարցազրույցի ժամանակ, իր մասին երրորդ դեմքով խոսելով, ավելացրել էր. - «Սա Կադիրովի գագաթնակետն է»։

Հենց այդ պահից էլ Չեչնիայում մեկնարկեց արշավը, որի մասնակիցները Կադիրովին խնդրում են մնալ։ Բացի մանուկներից, Չեչնիայի առաջնորդին սատարում են նաև դպրոցականները, պաշտոնյաները, հողագործները, մսավաճառները, վարորդները և այլ հազարավոր մարդիկ, որոնց միավորում է նույն խնդրանքը՝ «Ռամզան Ահմադովիչ, աղաչում ենք չհեռանալ»։

Կադիրովին ուղղված այս կոչերը կարելի է տեսնել Գրոզնիի փողոցներում երթևեկող մեքենաների վրա, խանութների դռներին, մարդկանց հագուստներին։

Երեկվա դրությամբ, #РамзанНеУходи («Ռամզա'ն, մի՛ հեռացիր») հեշթագերի թիվը Instagram-ում կազմել է 7 հազար 200։

Գնալու ցանկության մասին հայտարարությունից մեկ օր անց Կադիրովը շտապել է նահանջի տեղ թողնել՝ Instagram-ում գրելով, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահը որոշում է թեկնածուների ցանկը, որից էլ Չեչնիայի ժողովուրդը պետք է ընտրի իր ղեկավարին։

Կադիրովը Չեչնիայի իշխանության ղեկը, հիշեցնենք, ժառանգել է հորից՝ Ահմադ Կադիրովից՝ վերջինիս սպանությունից հետո։

Կադիրով կրտսերի կառավարման տարիներն աչքի են ընկնում մարդու իրավունքների խախտումներով, խոշտանգումներով, մարդկանց առևանգումներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG