Դոնալդ Թրամփ և Հիլարի Քլինթոն` նախագահության այս երկու հավակնորդները դարձան Միացյալ Նահանգներում կայացած «սուպեր երեքշաբթիի» գլխավոր հերոսները:
Երեկ միանգամից 12 նահանգների դեմոկրատ և հանրապետական ընտրողները նախնական քվեարկության` փրայմերիների հերթական փուլում որոշում էին, թե առաջադրված գործիչներից ով է ներկայացնելու առաջատար երկու կուսակցությունները նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:
Դատելով երեկ կայացած քվեարկության արդյունքներից` հանրապետականների ճամբարում միանձնյա առաջատարի իր դիրքերն է ամրապնդում Դոնալդ Թրամփը:
«Սա արդեն իսկ ապշեցուցիչ երեկո է: Մենք արդեն իսկ հաղթել ենք խոշոր նահանգներից հինգում, և թվում է՝ կարող ենք այդ թիվը հասցնել վեցի, յոթի, ութի կամ իննի», - քվեարկության ավարտից մի քանի ժամ անց Ֆլորիդայում հայտարարում էր Թրամփը:
Ի վերջո, սակայն, Թրամփը կարողացավ հաղթել քվեարկությանը մասնակցած 12 նահանգներից յոթում` այդ թվում այնպիսի առանցքային շրջաններում, ինչպիսին են Մասաչուսեթսն ու Ջորջիան:
Հանրապետականների շրջանում նրա հիմնական մրցակիցը` Թեդ Քրուզը հաջողության հասավ երեք նահանգներում, այդ թվում՝ իր հայրենի Տեքսասում:
Մարկո Ռուբիոյի կողմնակիցների թիվը գերակշռեց նահանգներից միայն մեկում` Մինեսոթայում:
Չնայած այս անհաջողությանը՝ քվեարկության ավարտից հետո հնչեցրած իր առաջին ճառում Ռուբիոն խոստանում էր շարունակել պայքարը:
«Խաղադրույքները շատ բարձր են, բայց միևնույն է՝ մենք կանենք այն ամենը, ինչ հարկավոր է», - դիմելով իր կողմնակիցներին` հայտարարում էր Ռուբիոն:
Հետաքրքիր զուգադիպությամբ, նույն րոպեներին, իր աջակիցներին դիմելով, գրեթե նույնն էր ասում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրությունների առաջատարը` Հիլարի Քլինթոնը:
«Դեռ երբեք ընտրությունների ժամանակ խաղադրույքներն այսքան բարձր չեն եղել: Դրա հետ մեկտեղ, դեռ երբեք մրցակից ճամբարից հնչող հռետորաբանության որակն այսքան ցածր չի եղել», - հայտարարում էր Քլինթոնը, ով ևս քվեարկությանը մասնակցած նահանգներից յոթում երեկ կարողացավ համոզիչ հաղթանակ արձանագրել:
Նրա հիմնական մրցակիցը` 2016 թվականի դեմոկրատական ընտրարշավի գլխավոր անակնկալ հռչակված Բերնի Սանդերսը «սուպեր երեքշաբթիի» ընթացքում լուրջ անհաջողություն կրեց` հաղթելով միայն իր հայրենի Վերմոնթում:
Չնայած Սանդերսի ճամբարում տիրող որոշակի ընկճվածությանը՝ դեմոկրատ-սոցիալիստի համբավ ձեռք բերած Սանդերսը ևս չի պատրաստվում լքել ընտրարշավը, նշելով, որ իր ղեկավարած շարժումը լուրջ առաքելություն է ստանձնել:
«Ես արդեն ասել եմ, որ այս քարոզարշավը նախագահի պարզ ընտրություն չէ: Սա քաղաքական հեղափոխություն է, որի նպատակն է բազմաթիվ մարդկանց ներգրավել քաղաքական գործընթացներում` աշխատավոր մարդկանց, ովքեր հիասթափվել են և չեն քվեարկում: Մեր նպատակն է քաղաքական գործընթացներում ներգրավել երիտասարդներին, ովքեր երբեք ներգրավված չեն եղել դրանցում», - հայտարարում էր Սանդերսը:
Հիշեցնենք, որ նախնական ընտրությունների արդյունքում որոշվելու է ամռանը կայանալիք կուսակցական համագումարների ընթացքում այս կամ այն հավակնորդին աջակցող պատվիրակների թիվը, որոնք էլ վերջնական որոշում կկայացնեն` ովքեր են լինելու նախագահի աթոռի՝ դեմոկրատների և հանրապետականների միասնական թեկնածուները:
Այս պահին հանրապետականների շրջանում պատվիրակների թվով միանձնյա առաջատարը Դոնալդ Թրամփն է: Դեմոկրատների շրջանում, ըստ The New York Times-ի, երեկ կայացած քվեարկությունից հետո զգալիորեն բարելավվել են Հիլարի Քլինթոնի շանսերը․ այս պահին նա համագումարի ավելի քան 1000 պատվիրակ ունի` Բերնի Սանդերսի 371-ի դիմաց: