Մատչելիության հղումներ

Նախագահը հույս է հայտնել, որ ՀՀ-ԵՄ բանակցությունները կշարունակվեն բնականոն հունով


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես Հայաստան-Եվրամիություն երկկողմ հարաբերությունների օրակարգին, այդ թվում՝ առանձին ոլորտներում համագործակցությանը, այնպես էլ միջազգային արդի խնդիրներին, տարածաշրջանի զարգացումներին, մարտահրավերներին և հեռանկարին վերաբերող հարցեր, հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հայաստանի նախագահը, կարևորելով ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների խորացումը, որում, ըստ նրա, մեր երկիրը մեծապես շահագրգռված է, նշել է, որ բարձրաստիճան փոխայցելություններն այդ առումով լավ խթան են հանդիսանում և վկայում են փոխգործակցության զարգացման երկկողմ պատրաստակամության մասին»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել տիկին Մոգերինիի մասնակցությամբ տարեվերջին Բրյուսելում տրված Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն բնականոն հունով, ու տեսանելի ապագայում կողմերը հաջողությամբ ավարտին կհասցնեն այս կարևոր գործընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, այդ թվում՝ անցած տարվա դեկտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներին: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները և բարձր է գնահատում դրանց իրականացման համար ԵՄ կողմից հատկացվող ֆինանսական փորձագիտական աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին: Հայաստանի նախագահը հյուրին ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները։ Մոգերինին վերահաստատել է այս խնդրում Եվրամիության դիրքորոշումը՝ ընդգծելով, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ նրա առաքելության իրականացման գործում և պաշտպանում է բանակցությունների հիմքում ընկած երեք սկզբունքները՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG