Մատչելիության հղումներ

Քերրին և Լավրովը մշակել են Սիրիայում հրադադարի պահպանման մեխանիզմը


Պետքարտուղար Ջոն Քերրին պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 29-ը փետրվարի, 2016թ.
Պետքարտուղար Ջոն Քերրին պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 29-ը փետրվարի, 2016թ.

Ամերիկայի պետքարտուղար Ջոն Քերրին, երեկ Վաշինգտոնում իր գերմանացի պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում խոսելով Սիրիայի մասին, հաղորդել է, որ ինքը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը համաձայնեցրել են Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ տեղեկությունները ստուգելու մեխանիզմը։

«Մենք պայմանավորվել ենք, որ թեպետ երկու կողմից էլ կան հրադարարի խախտումներ, մենք կխուսափենք հրապարակավ, մամուլի միջոցով վիճել դրանց շուրջ, մենք ամենայն ուշադրությամբ վերլուծում ենք այդ հաղորդագրություններն ու աշխատում ենք կանխել նման երևույթները, ինչի նպատակով ստեղծել ենք տեղեկությունների արժանահավատությունը ստուգելու մեխանիզմը»,- ասել է Քերրին։

Նրա խոսքերով, ամերիկացիներն ու ռուսները մտադիր են քննարկել Սիրիայում հրադադարի խախտման ցանկացած դեպք և այնպես անել, որ Սիրիայում ռմբահարումների թիրախ լինեն միայն «Իսլամական պետություն» անվամբ ահաբեկչական կազմակերպության և «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող «Ալ-Նուսրա» խմբավորման դիրքերը։

Նշված երկու կառույցների վրա չի տարածվում Ամերիկայի և Ռուսաստանի համաձայնեցրած հրադադարի ծրագիրը։ Ժնևում և Ամմանում տեղակայված ամերիկացի և ռուսաստանցի փորձագետները միմյանց, ինչպես նաև Սիրիայում գտնվող գործընկերների հետ տեղեկություններ են փոխանակում հրադադարի ռեժիմի վերաբերյալ։

Քերրիի խոսքերով, Սիրիայում ռազմական գործողություններն ավարտելու հարցով աշխատանքային խումբը, որի համանախագահներն են Ամերիկան և Ռուսաստանը, երեկ ժողով է գումարել, և նման հանդիպումները հետայսու կանոնավոր կերպով են անցկացվելու։

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնն այս փուլում չի ցանկանում ձախողված որակել Սիրիայում հրադադար հաստատելու փորձը։

«Ակնհայտ է, որ առաջիկա մի քանի օրերը վճռական կլինեն պարզելու համար, թե արդյոք մեզ հաջողվել է հարմար պայմաններ ապահովել հակամարտությունը կարգավորելու համար»,- ասել է նա։

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ասել է, թե ներգրավված բոլոր կողմերն ի սկզբանե գիտակցում էին, որ հրադադարը Սիրիայում դյուրին հարց չէ։

«Միամիտներ չկան, մենք գիտենք, որ շատ դժվար է տարիներ տևած քաղաքացիական պատերազմից հետո հրադադար հաստատել, հատկապես դժվար է հարյուրավոր խմբավորումներից կազմված ընդդիմադիր ճամբարի համար»,- ասել է Շտայնմայերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG