Մատչելիության հղումներ

Apple-ը հաղթեց դատարանում


ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է բողոքարկել վճիռը:

Apple ընկերությունը հաղթանակ է արձանագրել ամերիկյան դատարանում: Բրուքլինի շրջանային դատարանը մերժել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության հայցը: Հայցի պահանջն էր Apple ընկերությանը պարտավորեցնել կոտրել թմրանյութերի ապօրինի առքուվաճառքով զբաղվելու մեջ կասկածվող անձի iPhone 5s հեռախոսի գաղտնի կոդը: Հեռախոսը հայտնաբերել են Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) աշխատակիցները՝ նարկոդիլերի տանը խուզարկություն կատարելիս:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասել է, որ հիասթափված է դատարանի վճռից։ Նախարարությունը պատրաստվում է բողոք ներկայացնել վերադաս ատյան:

Նյու Յորքի Բրուքլինի շրջանի դատարանի դատավոր Ջեյմս Օրենշտեյնը 50 էջանոց վճռի մեջ ամրագրել է, որ գործին վերաբերող առկա հանգամանքների, Կոնգրեսի ընդունած իրավական ակտերի պայմաններում «օրենքով արգելված է» կայացնել որոշում, որի խնդրանքով դատարան է դիմել երկրի արդարադատության նախարարությունը: Դատավորը, վկայակոչելով արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորումները, վճռի մեջ գրել է.- «Ես եզրակացնում եմ, որ այդ փաստարկներից ոչ մեկը չի արդարացնում պարտավորեցնելը, որ Apple-ն իր կամքին հակառակ աջակցի կառավարության հետաքննությանը: Ուստի ես մերժում եմ հայցը»։

Դատախազության փոխանցմամբ, 2008 թվականից ի վեր Apple ընկերությունը կատարել է դատական ավելի քան 70 որոշում: Բրուքլինի դատարանում արդարադատության նախարարության հայցի մերժումն աննախադեպ է:

Վերջին 5 ամսում Apple-ը ՀԴԲ-ից ստացել է մեկ տասնյակից ավելի հեռախոսների գաղտնի կոդերը կոտրելու խնդրանք: Apple-ի կոշտ դիմակայությունը մեծ աղմուկ առաջացրեց, երբ Կալիֆորնիայի դատարանը փետրվարի 16-ին ընկերությանը պարտավորեցրեց ՀԴԲ-ին աջակցել Սան Բերնարդինոյում 14 մարդու սպանության գործով ներգրավված Սայեդ Ֆարուքի հեռախոսային տվյալները ստանալու հարցում: Մինչդեռ Apple-ը պնդում է, որ հեռախոսային կոդը ջարդելը կհանգեցնի հայտնի ընկերության նկատմամբ օգտատերերի վստահության կորստին և հեղինակության անկմանը:

ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին անցյալ չորեքշաբթի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած լսումների ժամանակ ասել էր, որ Բրուքլինի դատարանում ընթացող դատավարությունը ցույց կտա, թե մյուս դատարաններն ինչ դիրքորոշում կունենան նմանատիպ գործերի քննության ժամանակ:

Ավելի վաղ Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտարարել էր, որ չի պատրաստվում կոտրել ոչ միայն Սայեդ Ֆարուքի, այլև ընկերության ծառայությունները նախընտրած մյուս մարդկանց հեռախոսների գաղտնի կոդերը:

ABC հեռուստաընկերության եթերում Քուքը բացատրել էր.- «Մենք պահում ենք ինֆորմացիան ձեր սարքերի վրա, որը կոդավորված է, այսինքն՝ դա ձերն է: Ես կարիք չունեմ իմանալու, թե դուք երբ եք գնում քնելու, ես չեմ ուզում կարդալ ձեր էլեկտրոնային նամակները, ես չեմ ուզում կարդալ ձեր տեքստերը»։

«Մենք ունենք կարևոր պարտավորություն՝ օգնել մեր հաճախորդներին իրենց տեղեկությունները պաշտպանելու հարցով: Եվ միակ ճանապարհն այն կոդավորելն է»,- ասել էր ընկերության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG