Մատչելիության հղումներ

Սպանության փորձ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ. հայտնաբերվել է 7 պարկուճ


Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 29-ին ժամը 1:15 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «երկու ձեռքի, երկու ոտքի, կրծքավանդակի աջ թուլակողի» բազմաթիվ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Ա. Գևորգյանը:

«Նկատի ունենալով, որ նյութերում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, որտեղ երիտասարդին պատճառվել են հրազենային վնասվածքները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 7 պարկուճ, արնանման հետքեր», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով էական հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG