Մատչելիության հղումներ

Համասյան․ «Ամոթ է, որ մինչև հիմա մարդիկ այս պայմաններում են ապրում»


Տիգրան Համասյանը Գյումրիում, 27-ը փետրվարի, 2016թ․
Տիգրան Համասյանը Գյումրիում, 27-ը փետրվարի, 2016թ․

Գյումրիում աշխարհահռչակ դաշնակահարի մասնակցությամբ բարեգործական համերգ տեղի ունեցավ:

Գյումրիի տնակներում ապրող 13 ընտանիքի համար բնակարան ձեռք բերելու նպատակով բրիտանական մի կայքում գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել: Նախաձեռնությանն աջակցելու, Գյումրիում անօթևանության խնդրի վրա ուշադրություն բևեռելու համար Գյումրի էր եկել նաև աշխարհահռչակ ջազ դաշնակահար՝ ծնունդով գյումրեցի Տիգրան Համասյանը, ով հանդես եկավ բացօթյա համերգով:

Նախապես որոշվել էր համերգն անցկացնել տնակներից մեկում, բայց, քանի որ համերգին մասնակցելու ցանկություն ունեցողները շատ էին, տնակներից մեկի հարևանությամբ, բացօթյա տարածքում փոքրիկ բեմահարթակ կառուցեցին, դաշնամուր տեղադրեցին, և բարեգործական համերգն այնտեղ անցկացվեց: Հազարից ավելի հանդիսատես կար, ներկաները միայն Գյումրիի բնակիչներ չէին, եկել էին նաև Հայաստանի այլ բնակավայրերից:

Տիգրան Համասյանն ասաց՝ «ամոթ է, որ մինչև հիմա մարդիկ այս պայմաններում են ապրում», հավելեց, թե հույս ունի, որ նախաձեռնությունը կհաջողվի: «Ահավոր զգացողություններ էին՝ բացատրելու, պատմելու բան չէ, ամոթի զգացողություն ունեմ, որպես հայրենակից․․․»,- ասաց դաշնակահարը:

Համերգի ավարտից հետո հենց տեղում դրամահավաք կազմակերպվեց: Նախաձեռնության հեղինակներից Հայկ Բարսեղյանն ասաց, որ վերջին օրերին մեծ ակտիվություն է նկատվում: Բրիտանական կայքում հանգանակվել է շուրջ 40 հազար դոլար, մինչդեռ մինչև մարտի 20-ը պետք է հավաքվի շուրջ 175 հազար դոլար: Եթե այդ ժամկետում նշված գումարը չհավաքվի, ապա նվիրաբերություններ կատարած անձանց գումարները հետ կվերադառնան:

Հիշեցնենք՝ Գյումրիում դեռ 3000-ից ավելի ընտանիք շարունակում է ապրել տնակներում: Ժամանակավոր համարվող այդ կացարանները վաղուց են սպառել շահագործման ժամկետները, սակայն մարդիկ արդեն 28 տարի դրանց մեջ են բնակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG