Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյան․ Կյանքի գնով կպահեմ ժողովրդի քվեն


«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն այսօր առաջադրվեց Հրազդանի քաղաքապետի թեկնածու:

Որոշման մասին Միքայելյանը հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» Հրազդանի գրասենյակում՝ կուսակցության ներկայացուցիչների, իր աջակիցների և քաղաքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցած ժողովի ընթացքում․ - «Ես պարզ եմ ասում՝ ես գալիս եմ դարպասները բացեմ՝ ժողովրդին տամ ազատություն, որ հասկանա՝ ինչ ա քաղաքապետարան, ինչ ա քաղաքապետ, ինչ ա ավագանի, որ մարդը իրա ձայնի իրավունքը ունենա: Ես ընտրվում եմ, որ ծառայեմ նրանց, ես չեմ եկել իրանց ծառայեցնելու»:

Միքայելյանը, ով 1996-1999թթ․ Հրազդանի քաղաքապետն էր, քաղաքային իշխանության համար նախորդ ընտրություններում՝ չորս տարի առաջ, պարտվեց գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանին, ով ղեկավարում է քաղաքը արդեն 14 տարի:

Սասուն Միքայելյանին հարցրեցին՝ ի՞նչ է փոխվել նախորդ ընտրություններից և ի՞նչ են անելու այս անգամ իշխող Հանրապետականի թեկնածուին հաղթելու համար․ - «Իմ առավելությունը նրանում է, որ ես երբեք չեմ հուսահատվում, ես պայքարող տղա եմ եղել և պայքարելու եմ, որ ժողովրդի տված ձայնը տեղ հասնի ու հարյուր տոկոս համոզված եմ, որ այս անգամ կհասնի»:

Միքայելյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է: Այսօր հայտարարվեց՝ նրա նախընտրական շտաբը ղեկավարելու է կուսակցության վարչության մեկ այլ անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Վճռորոշ գործոնը բոլոր դեպքերում ընտրողների քվեն է, և մենք կարծում ենք, որ ունենք բավարար ներուժ ընտրողների ձայնը ֆիքսելու և պահելու: Հիմա, եթե դուք հարցնեք, թե ի՞նչ է փոխվել նախորդ անգամներից, ամենակարևոր բանը՝ փոխվել է տրամադրությունը», - նշեց պատգամավորը:

Փաշինյանի խոսքով, Հրազդանի քաղաքապետի նախորդ ընտրություններում մտայնություն էր տիրում, թե ամեն ինչ այլևս որոշված է և քաղաքացու քվեից ոչինչ կախված չէ․ - «Մեր ամենակարևոր ուղերձը այսօր հետևյալն է՝ ոչինչ որոշված չէ: Ո՛չ Երևանում, ո՛չ որևէ պաշտոնական մարմնում ի վերջո չեն կարողանա որոշում կայացնել, եթե ընտրողը, քաղաքացին կայացնի իր որոշումը: Եվ այդ ընթացքում մենք ընտրական տեղամասերում ունենում ենք այնպիսի վստահված անձանց և թիմ, ներկայություն ընտրական տեղամասերում, որ գնում ենք՝ վերահսկում ենք ընտրությունները, թույլ չենք տալիս ընտրախախտումներ, քվեատուփերը բացում ենք, հաշվում ենք Սասուն Միքայելյանի ձայները, պահում ենք այդ ձայները և Սասուն Միքայելյանը հաղթում է ընտրություններում: Ահա սա է ինստիտուցիոնալ բառի հրազդանյան բացատրությունը»:

Սասուն Միքայելյանը խոստացավ անգամ կյանքի գնով պահել ժողովրդի քվեն․ - «Չմտածեք հանկարծ՝ մենք մեր խոսքից կամ մեր ձայնից, ժողովրդի տվածից թույլ կտանք, որ ուրիշը տանի: Երբե՛ք չմտածեք: Ես խոստանում եմ՝ իմ կյանքի գնով էլ լինի՝ նման բան չի կարա ըլնի Հրազդանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG