Մատչելիության հղումներ

Սիրիայում հրադադարի ժամը մոտենում է


Ավիահարվածների հետևանքով ավերված տներ պատմական Բոսրա ալ-Շամում, Սիրիա, 23-ը փետրվարի, 2016թ.
Ավիահարվածների հետևանքով ավերված տներ պատմական Բոսրա ալ-Շամում, Սիրիա, 23-ը փետրվարի, 2016թ.

Սիրիայում հրադադար հաստատելու պայմանավորվածությունները վերաբերում են Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի և ընդդիմության զինված ուժերի միջև կրակի դադարեցմանը:

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Սիրիայում հրադադար հաստատելու բանաձև են ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որով նախատեսվում է կրակի դադարեցում փետրվարի 27-ին, Դամասկոսի ժամանակով 00:00-ին։

Սիրիայում հրադադար հաստատելու պայմանավորվածությունները վերաբերում են Բաշար ալ-Ասադի կառավարական զորքերի և ընդդիմության զինված ուժերի միջև կրակի դադարեցմանը: Արևմուտքը, մոնիտորինգային խմբերը պնդում են, որ մինչ հիմա Ռուսաստանը ավելի շատ ավիահարվածներ է հասցրել ընդդիմադիրների ուժերին, քան «Իսլամական պետության» խմբավորումներին:

Օբաման Ռուսաստանին զգուշացրել է, որ միջազգային հանրությունը հետևելու է, թե արդյոք Ռուսաստանի գործողությունները համապատասխանում են կրակի դադարեցման համաձայնությանը: Փետրվարի 25-ին Օբաման հանդիպել է անվտանգության հարցերով իր խորհրդականների թիմի հետ: Հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահն ասել է, թե «առաջիկա օրերը ծայրահեղ կարևոր են».- «Աշխարհը հետևելու է, թե արդյոք Ռուսաստանը և նրա դաշնակիցները Սիրիայում հավատարիմ են հրադադարին»:

Օբաման ասել է, թե հրադադարը «Ռուսաստանի և Սիրիայի ռեժիմի հանձնառությունների քննություն է հնգամյա քաղաքացիական պատերազմի քաղաքական լայն կարգավորման համար»: ԱՄՆ-ի նախագահը մեկ անգամ ևս պնդել է, որ Բաշար Ասադը պետք է հեռանա իշխանությունից: Նա ասել է, որ Վիեննայում համաձայնեցված գործընթացը հստակ է՝ Սիրիայում անցում ավելի ներկայացուցչական կառավարության, նոր Սահմանադրություն, ազատ ընտրություններ:

«Ես նորից կասեմ՝ այսպիսի ապագան, համոզված եմ, չի կարող ներառել Բաշար Ասադին: Հասկանալի է, որ իր սեփական ժողովրդի դեմ տարիներով մղած բարբարոսական պատերազմից, ներառյալ՝ տանջանքներից, «բարել» ռումբերի կիրառումից, պաշարումներից, սովահարություններից հետո շատ սիրիացիներ չեն դադարեցնի պայքարը, քանի դեռ Ասադը չի հեռանա իշխանությունից: Ասադին հեռացնելու կառավարելի անցումին այլընտրանք չկա: Սա միակ ճանապարհն է վերջ տալու քաղաքացիական պատերազմին և համախմբելու սիրիացի ժողովրդին ահաբեկչության դեմ»,- հայտարարել է Օբաման։

Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել է, որ մարտական գործողությունները կշարունակվեն «Իսլամական պետության» խմբավորումների և «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող «Ալ-Նուսրա ճակատ»-ի դեմ, հրադադարը նրանց չի վերաբերում: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի զինվորականներին հրահանգել է շարունակել «անողոք ջանքերը բոլոր ճակատներում՝ ոչնչացնելու «Իսլամական պետության» խմբավորումներին, ներառյալ Լիբիայում»: Նա նշել է, որ Իրաքում «Իսլամական պետության» խմբավորումների դեմ հաջող գործողությունների արդյունքում հետ է վերցվել նրանց գրաված տարածքների գրեթե կեսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG