Մատչելիության հղումներ

Կառավարությունը հրաժարվեց ԵՏՄ երկրներից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ-ի գանձումից


Շուրջ քսան օր տարբեր հիմնավորումներ ներկայացնելուց հետո, թե Եվրասիական տնտեսական միության երկրներից ավտոմեքենաներ ներմուծող քաղաքացիները ինչու պետք է ավելացված արժեքի հարկ վճարեն, այսօր Հայաստանի իշխանությունները հետ կանգնեցին իրենց դիրքորոշումից՝ հայտարարելով, որ այլևս մտադիր չեն գանձել այդ հարկը:

Կառավարությունն այսօր լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխությանը։ Ազգային ժողովում այս փոփոխության հաստատումից հետո ԵՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չեն վճարի 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նման խնդիր է եղել նաև Ղազախստանում։ «Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ՝ մենք որոշել ենք վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը», - նշեց նա։

Փետրվարի 8-ին Մոսկվայի, Երևանի ու Աստանայի միջև տեսակամրջի օգնությամբ կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան մեղադրեց Հայաստանի իշխանություններին՝ քաղաքացիներից ապօրինի գանձումներ կատարելու համար։ Նա ասաց, որ ԵՏՄ երկրներից Հայաստան ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձանցից ավելացված արժեքի հարկ գանձելը հակասում է միության իրավապայմանագրային դաշտին:

«Մեզ մոտ կան պատնեշներ, որոնք հստակորեն արգելված են օրենսդրությամբ, և դրանք պետք է վերացվեն։ Անցած տարի մենք ԵՏՄ-ում վերացրել ենք մոտ 80 նման պատնեշներ և ակտիվորեն մոնիտորինգ ենք իրականացնում նման պատնեշները հայտնաբերելու նպատակով, որոնք նոր են կամ կրկին են հայտնվել։ Ոչ տարիֆային պատնեշի մի օրինակ բերեմ, որը հստակ կերպով արգելված է օրենսդրությամբ՝ ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը: Նման պատնեշ կար Ղազախստանում, այն վերացվեց: Սակայն այսօր նման պատնեշ է հայտնվել Հայաստանում»,- ասել էր Վալովայան։

Վալովայայի այս հայտարարությունը բողոքի պատճառ հանդիսացավ բազմաթիվ այն քաղաքացիների շրջանում, ովքեր ավտոմեքենաներ էին ներմուծել, մասնավորապես, Ռուսաստանից և վճարել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ:

Պողոս Օղլուկյանը զբաղվում է Հայաստան ավտոմեքենաների ներկրմամբ ու վաճառքով: «Մենք ինչի՞ համար մտանք էդ միության մեջ. որպեսզի որոշակի բաներ մեզ մոտ թեթևանան, մարդկանց հոգսերը թեթևանան։ Եթե էդ մարդը զբաղվում է մեքենա ներկրելով, եթե նույն բանն է, ուրեմն ինձ ավելի հարմար է գնամ 200 կիլոմետր Վրաստանից բերեմ, քան գնամ-հասնեմ Ռուսաստան»,- ասում է նա։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մի քանի անգամ արձագանքեցին. մի քանի էջանոց հայտարարությամբ հանդես եկավ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը՝ փորձելով հիմնավորել, թե ԵՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ինչու է կիրառվում ավելացված արժեքի հարկ:

Փետրվարի 16-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը անգամ ընդգծեց՝ իշխանությունները մտադիր չեն հրաժարվել այդ հարկումից:

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ այստեղ շեղում կամ բացթողում չենք ունեցել, ամեն ինչ արվել է պետական բյուջեի խնդիրների շահերից ելնելով, իրավական տողին համապատասխան։ Երբ ԵՏՄ երկրներից ապրանքներ են ներմուծվում Հայաստան, սահմանի վրա մաքսատուրք չի գանձվում, բայց գանձվում է ավելացված արժեքի հարկ՝ այն տարբերությամբ, որ եթե Գերմանիայից ապրանքը ներմուծվում է, տասն օրվա ընթացքում է գանձվում այդ գումարը, ապա Ռուսաստանից ավտոմեքենա ներմուծողը այդ գումարը մեզ կարող է վճարել բերելու ամսվան հաջորդող ամսվա մինչև 20-ը։ Անցումային դրույթներով մենք այդ իրավունքը ունենք և պահպանելու ենք, դա մեր եկամտային կարևորագույն հոդվածներից մեկն է։ Եթե նայենք ԵՏՄ օրենսդրության կարգավորումների մեջ, ՀՀ-ն այդտեղ խախտում չի արել»,- ասել էր փոխնախարարը։

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները ստիպված հրաժարվեցին այդ հարկումից՝ ճնշման ենթարկվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

«Հայաստանի իշխանությունները չարամտորեն արդեն ավելի քան մեկ տարի գանձում են այդ հարկը։ Այդ հարկի վերացումը չի կարելի գնահատել որպես լավություն ՀՀ բնակչությանը։ Նրանք օրենք են խախտել, խախտել են իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորությունները։ Կարծում եմ, որ իրավաբանների լուրջ թիմ պիտի հավաքվի, որը կօգնի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս մեկ տարվա ընթացքում մեքենա են ներկրել և վճարել են ավելացված արժեքի հարկ, իրենց գումարը ետ ստանալու համար»,- ասաց տնտեսական մեկնաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG